ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի բաժնի փոխտնօրեն Իվան Նեչաևը ճեպազրույցի ընթացքում նշել է, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է մնալ Մոսկվայի ուշադրության կենտրոնում։

Ինչպես նշում է news.ru-ն, ՌԴ ԱԳՆ-ն, կապված վերջին սրացումների հետ, արդեն իսկ կողմերին զսպվածության և եռակողմ պայմանավորվածությունների պահպանման կոչ է արել։ Բոլոր հարցերը, այդ թվում՝ Լաչինի միջանցքի շուրջ, պետք է լուծվեն դրանց հիման վրա, ասել է Նեչաևը։

Նա նաև հավելել է, որ Ռուսաստանը մշտական կապի մեջ է Ադրբեջանի և Հայաստանի հետ։ Նա ընդգծել է, որ դա միակ ճանապարհն է՝ գտնելու լուծում, որը կգոհացնի բոլոր կողմերին։

Հիշեցնենք, որ Արցախի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Աղավնոյի և Բերձորի բնակիչներին զգուշացրել է, որ մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն Աղավնոն և Բերձորը:

Չնայած 2020 նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով նախատեսվում է, որ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա 3 տարիների ընթացքում կողմերի համաձայնությամբ պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար: Սակայն Ադրբեջանը, առանց այդ նախագծի հաստատման (այդպես պնդում է հայկական կողմը), Կոռնիձոր գյուղի սահմանից ճանապարհ է հարթել ներկա միջանցքից ավելի հարավ։

Օգոստոսի 4-ին ՀՀ կառավարության նիստում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտարարել է, որ նոր ճանապարհին ՀՀ-ի կողմից միացող Տեղ-Կոռնիձոր-սահման հատվածը պատրաստ կլինի 2023-ի գարնանը, աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել