«Թող բարեկամն էլ, թշնամին էլ իմանան, որ Ադրբեջանը մենակ չէ»․ Չավուշօղլու
Օգոստոսի 8-ին Անկարայում կայացել է Թուրքիայի դեսպանների 13-րդ կոնֆերանսը:
Կոնֆերանսի բացման ժամանակ ելույթ ունենալով՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն նշել է․«Ադրբեջանի՝ հայրենական պատերազմում տարած հաղթանակի ստեղծած hարմար պայմանները օգտագործում ենք տարածաշրջանում խաղաղությունը և կայունությունը տևական դարձնելու համար։ Հայաստանի հետ փոխադարձ նշանակած մեր հատուկ ներկայացուցիչները շարունակում են բանակցությունները։ Իհարկե, այս գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող գործընթացից և ամբողջ տարածաշրջանում մեր վերջնական նպատակը հանդիսացող կարգավորումից և համագործակցությունից առանձին չենք դիտարկում։
Բարեկամն էլ, թշնամին էլ թող իմանան, որ Ադրբեջանը երբեք մենակ չէ»։ Անդրադառնալով վերջին օրերին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հայ ադրբեջանական սահմանային լարվածությանը՝ Մ․ Չավուշօղլուն մեղադրել է Հայաստանին և կոչ արել․«Հայաստանին կրկին զգուշացնում ենք զերծ մնալ սադրանքներից»։
Հայ-թուրքական կարգավորման բանակցությունների մեկնարկից հետո Թուրքիայի պաշտոնական բոլոր հայտարարություններում կարմիր թելով անցնում է Ադրբեջանի հետ համաձայնեցված գործելու ու խորհրդակցելու մասին հիշեցումը։
Ըստ էության, սա նշանակում է, որ առանց նախապայմանների կարգավորման գործընթացն իրականում թուրք- ադրբեջանական պայմաններով է, իսկ Թուրքիան հստակ ակնարկում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում հնարավոր է միայն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման պարագայում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել