Օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է եղել։ Լարվածությունն, ընդհանուր առմամբ, պահպանվում է։ Որոշ ուղղություններում ադրբեջանական  ստորաբաժանումները  խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը` կիրառելով հրաձգային զինատեսակներ: Այս մասին հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։

Հայկական կողմից կորուստներ չկան։   

Նախորդ օրերին վիրավորում ստացած զինծառայողներից մի քանիսը դուրս են գրվել բժշկական հաստատություններից։ Վիրավոր զինծառայողներից 3-ի վիճակը շարունակում է մնալ ծանր, ևս մեկինը` ծայրահեղ ծանր` դրական  որոշակի դինամիկայով։                                       

Ռուսական խաղաղապահ  զորակազմի միջնորդությամբ,  իրադրության հետագա կայունացմանն ուղղված աշխատանքները շարունակվում են։      

Հիշեցնենք`օգոստոսի 3-ին՝ ժամը 09։00-ից ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։

Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել