Ազգերին և ժողովուրդներին աշխարհում ճանաչում են մեծամասամբ իրենց մշակույթով, ազգայն ֆոլկլորին բնորոշ առանձնահատկություններով, լեզվով։

Ազգային պատկանելիության գիտակցման, սեփական ինքնության իդենտիֆիկացման և արմատների հետ կապի պահպանման գործում մեծագույն կարևորություն ունի ազգային երգն ու երաժշտությունը։ Երգարվեստի նշանակությունը հայրենասիրական ոգու և ինքնության պահպանման գործում գերագնահատել դժվար է՝ հատկապես սփյուռքում։

Օտար ափերում բնակվող մեր հայրենակիցները առանձնահատուկ ձգտում ունեն հայկական երգի, ազգային ֆոլկլորի, ժողովրդական և հայրենասիրական ոգի փոխանցող երգերի և կատարողների հանդեպ։ Այս հանգամանքը, իհարկե, հասկանալի է և բնական, չէ որ հարազատ լեզվով ազգային երգերի կատարումները միջոց են՝ ոմանց համար մեղմելու կարոտը հայրենիքի հանդեպ, ոմանց համար էլ հասկանալու, թե ովքեր են եղել իրենց նախնիները և ինչպիսի դիմագիծ են ունեցել։

Այսօր սփյուռքահայերից շատերի համար հայկական ժողովրդական երգն ու աշուղական ստեղծագործությունները ասոցացվում են հենց սփյուռքում բնակվող երգիչների և կատարողների հետ, որոնցից մեկն էլ Սուրեն Դավթյանն է։ Երգիչ Սուրեն Դավթյանը 2006 թ․-ից բնակվում է Փարիզում։ Նա իր ստեղծագործական ուղին սկսել է շուրջ երկու տասնյակ տարի առաջ, ապա արժանանալով հայրենակիցների սիրուն և ճանաչմանը, ավելի քան 15 տարի է հրավերներով ազգային  տոներին շրջագայում է հայկական գաղթօջախներով, կատարում ժողովրդական, քաղաքային ֆոլկլոր և աշուղական երգեր։ Սուրենը «Ջիվանու աշուղական դպրոց»-ում ուսումնառելուց հետո էլ ավելի մեծ նշանակություն է տալիս աշուղական և ժողովրդական երգին, որն այսօր կազմում է նրա երգացանկի մեծ մասը։

Այսօր Սուրենը մտադիր է ևս մեկ երգով համալրել իր երգացանկը։ Խոսքը վերաբերում է կոմպոզիտոր, բանաստեղծ Սասուն Պասկևիչյանի «Ներիր ինձ Մայրիկ» երգին։ Այս երգը ունի երկար տարիների պատմություն, երգ, որը փոխանցվում է սերնդեսերունդ շարունակելով մնալ նույնքան սիրված։

«Այս երգի հանդեպ ունեմ առանձնահատուկ վերաբերմունք։ «Ներիր ինձ Մայրիկ» երգը լսել եմ մանկուց՝ հայրիկիս կատարմամբ։ Այն կարծես իմ մանկության և պատանեկության մասնիկը դարձած լինի, երկար տարիներ ուզում էի կատարել հենց այս երգը, բայց չէի համարձակվում, երևի տարիներ էին հարկավոր համարձակություն և փորձառություն կուտակելու համար։ Այսօր աշխատում եմ «Ներիր ինձ Մայրիկ» երգի ձայնագրության վրա։ Շուտով կներկայացնեմ հանրության դատին»,- զրույցում ասաց արտիստը։

Սուրեն Դավթյանը, իր ամբողջ կյանքում եզակի հնարավորություն է ունեցել լինել աշուղական, քաղաքայի ֆոլկլորի, ժողովրդական երգերի մեծ վարպետ՝ հեղինակ կատարող Գրիշա Դավթյանի (Քիշոյի) կողքին։ Թերևս, նաև սրանով է պայմանավորված մեծ պատասխանատվությունը, ամեն անգամ նոր երգ կատարելիս՝ հայրիկը կողքին է և անգութ կլինի նկատողություններում (սերունդների բախումը չի կորցրել իր արդիականությունը, հատկապես ստեղծագործողների շրջանում)։ Այսպես` մեծ Վարպետի կողքին օրեց օր հայտնիության և ճանաչման իր պատմությունն է կերտում Սուրենը, ում երգացանկում իր պատվավոր տեղը շուտով զբաղեցնելու է բոլորիս հայտնի «Ներին ինձ Մայրիկ» երգը։ Երգ, որի բազմաշերտությունը հուզում է միշտ և բոլորին։

                                                                                                                   
Ամալյա Պապյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել