Դեռևս զույգերով

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը, մեկնաբանելով Փաշինյան-Բլինքեն, Ալիև-Բլինքեն հեռախոսազրույցները, ի թիվս այլ ուղերձների հայտարարել է, որ չնայած ԱՄՆ-ն Մինսկի խմբի համանախագահ է, սակայն պատրաստ է նաև երկկողմ ձևաչափով խոսել երկրների հետ՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին գտնել երկարաժամկետ, համապարփակ խաղաղություն:

Ամերիկացի պաշտոնյայի խոսքերից հետևում է, որ Արևմուտքը պատրաստ չէ դեմ գնալ տենդենցներին՝ պահելու ազդեցությունն արցախյան համակարմտության կողմերի վրա: Ինչպես հայտնի է, Բաքուն կտրուկ կերպով մերժել է Մինսկի խումբը, իսկ Մոսկվան, մեղքը բարդելով Արևմուտքի վրա, խոշոր հաշվով կրկնում է Բաքվի դիրքորոշումն ու օգտվելով իրավիճակից՝ փորձում տարածաշրջանային պրոցեսներից հնարավորինս դուրս դնել Արևմուտքին այն դեպքում, երբ նույն Վաշինգտոնը մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ իր համար Մինսկի խումբը մեռած ձևաչափ չէ, ավելին՝ խնդրի վերջնական կարգավորումը ԱՄՆ-ն տեսնում է հենց այդ ձևաչափում:

Հիմա, սակայն, Վաշինգտոնը ստիպված է վերանայել իր դիրքորոշումը՝ շատ լավ հասկանալով հարցի արժեքը հատկապես այն դեպքում, երբ Արևմուտքի համար էական հարց է դարձել Բաքվի վրա ունեցած ազդեցության պահպանումն ու խորացումը՝ միանգամայն հասկանալի պատճառներով: Եթե Բաքուն դեմ է Մինսկի խմբին, ապա Վաշինգտոնը պատրաստ է դիտարկել նաև երկկողմ ձևաչափը՝ չփակելով, սակայն, Մինսկի խմբի էջը՝ հարթակ, որը նախապատերազմյան փուլում (խոսքն ուկրաինական պատերազմի մասին է) դարձել էր բացառիկ հարթակ, որտեղ Արևմուտքն ու Մոսկվան ոչ թե հակամարտում, այլ լավ թե վատ համագործակցում էին:

Միաժամանակ հարց է առաջանում, թե եթե Բաքուն դեմ է հանդես գալիս Մինսկի խմբի ձևաչափին, ապա ինչո՞ւ ուղղակի դուրս չի գալիս դրանից. եթե համապատասխան դիմում լինի, ապա Մինսկի խումբն ինքնաբերաբար կլուծարվի, ու այլևս ավելոդ ջղաձիգ հայտարարությունների կարիք չի լինի:

Պատճառը պարզ է. Բաքուն կամ Երևանը չեն, որ ստեղծել են այդ խումբը, որ հիմա էլ կողմերից որևէ մեկը համարձակվի ինքնագլուխ քայլ կատարել: Խումբը ստեղծվել էր հակամարտության կառավարման համար, որի նպատակը հակամարտության կողմերի վրա ազդեցության պահպանումն էր՝ աշխարհի ուժեղների կողմից: Հաշվի առնելով այն, որ հակամարտությունը պատերազմի հետևանքով մնում է գլոբալ իմաստով չլուծված, հետևաբար՝ վաղ է խոսել Մինսկի խմբի լուծարման մասին. մի օր արևմտառուսական բախումն ավարտվելու է, ու աշխարհաքաղաքական այդ բևեռներին էլի պետք է լինելու նստել սեղանի շուրջ ու համագործակցել՝ ունենալով միևնույն նպատակը, ինչ՝ նախկինում, եթե, իհարկե, ուկրաինական պատերազմը չավարտվի տոտալ, գլոբալ աղետով՝ միջուկային պատերազմով:

Այս փուլում, երբ ՌԴ-ն ու Արևմուտքը սուր հակամարտության մեջ են, աշխարհաքաղաքական բևեռները նախընտրում են կողմերի հետ շփվել երկկողմ ձևաչափով՝ յուրաքանչյուրը փորձելով խաղալ սեփական խաղն ընդդեմ մյուսի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել