168.am-ը գրում է.

Լոռու մարզի Լոռի-Բերդ, Լեջան, Ագարակ, Յաղդան և Կողես գյուղերի բնակիչները, մի քանի ամիս է, զրկված են խմելու ջրից։ Այս 5 գյուղերի բնակիչները տևական ժամանակ խնդրի մասին բարձրաձայնում են թե’ համայնքապետարանում, թե’ «Վեոլիա ջուր» ընկերությունում, սակայն անօգուտ։

Գյուղացիներից մեկը 168.am-ի հետ զրույցում դժգոհեց, որ իրենց անտերության են մատնել, որևէ գերատեսչություն պատշաճ ձևով չի զբաղվում խնդրով, որ լուծում տրվի․

«Անմարդկային վիճակ է, 2 օր ջուր չի լինում, 3-րդ օրն էլ 2-3 ժամով են տալիս, էն էլ հազիվ է գալիս։ Էս ամռան շոգին պատկերացնո՞ւմ եք՝ մարդիկ առանց ջրի են մնացել, բա սա անելու բա՞ն է․․․»։

Հարցին՝ համայնքապետարանից և «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ից խնդրի վերաբերյալ ի՞նչ են պատասխանում, մեր զրուցակիցը պատասխանեց․

«Ասում են՝ ջրագիծ է փոխվելու այս հատվածում, բայց այդ ջրագծի փոխելը կարող է 1-2 տարի տևել, էդ ընթացքում մարդիկ ի՞նչ անեն, ո՞նց ապրեն։ Թող իշխանությունները, «Վեոլիա ջուր» ընկերության ղեկավարները գան մեր գյուղ ու 1 օր առանց ջրի ապրեն, տեսնենք կդիմանա՞ն»։

168.am-ը փորձեց խնդրի մասին տեղեկություն ստանալ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ Հանրային կապերի բաժից, ինչպես նաև պարզաբանում ստանալ, թե ինչ քայլեր են ձեռնարկվում խնդրի լուծման առնչությամբ, մեր զանգերը, ցավոք, մնացին անպատասխան: Խմբագրությունը հետևողական է լինելու հարցի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն ստանալու առնչությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել