ArmLur.am-ը գրում է․

Ադրբեջանը մեծ արագությամբ ու թափով շարունակում է Բերձոր-Աղավնո ճանապարհին փոխարինող նոր ճանապարհի կառուցումը: Հայաստանն Արցախի հետ կապող նոր ճանապարհը կսկսվի Գորիսի Կոռնիձոր գյուղից, կանցնի արցախյան Հին շեն և Մեծ շեն գյուղերով, ապա կմիանա Եղցահող ու Լիսագոր ավտոճանապարհին. ադրբեջանական լրատվամիջոցներն են հայտնում: 32 կմ երկարությամբ ճանապարհն, ըստ երևույթին, ռուս խաղաղապահները կհսկեն, այստեղով կանցնի նաև Հայաստանից դեպի Արցախ գնացող գազատարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, վերջերս հայտարարել էր, որ Հայաստանն Արցախին կապող այլընտրանքային ճանապարհի շահագործումից հետո Աղավնոյի ու հարակից ևս երկու գյուղի բնակիչները ստիպված կլինեն լքել գյուղը ու բնակության այլ վայր տեղափոխվել։ Հանգամանքի հետ տեղացիները որևէ կերպ չեն համակերպվում։ «Վարդավառի ենք պատրաստվում այս պահին»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասում է Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանն ու հավելում՝ նահանջելու կամ բնակավայրը լքելու որևէ տրամադրություն կամ նպատակ չունեն։

Գյուղապետի փոխանցմամբ՝ գյուղացիների ոգին ամուր է, նրանցից և որևէ մեկը գյուղը լքել չի պատրաստվում։ «Ինչպե՞ս պետք է վախեցնեն, զենքո՞վ»,- հարցնում է ու շեշտում՝ իրադարձությունների զարգացման և ամեն մի սցենարի էլ պատրաստ են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել