Հարավային Կովկասում ենթակառուցվածքային խնդիրների լուծման համատեքստում իրանական ուղղությամբ շատ բան կարելի է անել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թեհրանում իրանցի եւ թուրք գործընկերների հետ հանդիպումներից հետո։

«Մենք (Իրանի հետ) համագործակցության լավ, հեռանկարային ուղղություններ ունենք, ընդ որում՝ ամենատարբեր ոլորտներում: Օրինակ, դրանցից մեկը ենթակառուցվածքների զարգացումն է։ Գիտեք, Ռուսաստանի կառավարության փոխվարչապետներից մեկի ղեկավարությամբ մենք խումբ  ունենք, որը զբաղվում է Անդրկովկասում հարաբերությունների կառուցմամբ, ենթակառուցվածքների զարգացմամբ, Հարավային Կովկասում ենթակառուցվածքային հարցերի լուծմամբ. դա Ադրբեջանն է, Հայաստանը, Ռուսաստանը։ Ահա այս ուղղությամբ՝ իրանական, շատ բան կարելի է անել։

Այժմ, ինչպես գիտեք, «Հյուսիս-Հարավ» երթուղով արդեն անցել է առաջին փրձնական երկաթուղային կազմը: Դա կարճ երթուղի է՝ այնուհետեւ դեպի Իրանի հարավային նավահանգիստներ ելքով, իսկ այստեղ՝ Պարսից ծոց եւ Հնդկաստան ճանապարհն է:

Կա մի կոնկրետ Ռեշտ-Աստարա հատվածը: Դա փոքր հատված է Իրանի տարածքում՝ 146 կիլոմետր։ Ադրբեջանը շահագրգռված է այդ հատվածի կառուցմամբ։ Մենք վերջերս հանդիպեցինք նախագահ Ալիեւի հետ Կասպյան գագաթաժողովի շրջանակներում եւ քննարկեցինք դա։ Իրանը շահագրգռված է դրանում, եւ մեր իրանցի գործընկերներն այժմ հաստատեցին դա։ Ռուսաստանը եւս շահագրգռված է դրանում, քանի որ մենք Ռուսաստանի հյուսիսից՝ Սանկտ Պետերբուրգից, ուղիղ դուրս կգանք Պարսից ծոց:

Շատ հետաքրքիր եւ խոստումնալից երթուղի է: Այնտեղ հարցն այն է, որպեսզի հատված կառուցվի, կրկնում եմ՝ ընդամենը 146 կիլոմետր։ Ռուսական կողմը պատրաստ է դա անել։ Մենք պետք է պայմանավորվենք այս շինարարության պայմանների շուրջ։ Մենք հիմա ընդհանուր առմամբ խոսեցինք ենք մեր իրանցի գործընկերների եւ ընկերների հետ, կրկնում եմ՝ Ադրբեջանի հետ պարզել ենք։ Հուսով եմ, որ հիմա պարզապես կանցնենք կոնկրետ աշխատանքի։ Եւ հետո աշխատանքն ինքնին հետաքրքիր է մեզ համար, դա, ըստ էության, ներմուծման աշխատանք է, մեր ծառայությունների ներմուծում ռուսական երկաթուղիների համար։ Սա պարզապես օրինակներից մեկն է»,- նշել է ՌԴ նախագահը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել