Tert.am-ը գրում է․

Ուրբաթ՝ հուլիսի 8-ին մահափորձի հետևանքով սպանված Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 12-ին։ Այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը։

Նշվում է, որ հուղարկավորությունը տեղի կունենա քաղաքական գործչի հայրենի Սիմոնոսեկի քաղաքում, որը գտնվում է Յամագուտի պերֆեկտուրայում։

Հիշեցնենք, որ Ճապոնիայի նախկին վարչապետի դեմ մահափորձը կատարվել է Նարա քաղաքում: Միջադեպը տեղի է ունեցել քաղաքական գործչի ելույթի ժամանակ, նա հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Լսվել է երկու կրակոցի ձայն, որից հետո երկրի նախկին վարչապետն ընկել է։ Գործակալության տվյալներով՝ հարձակվողը կրակել է թիկունքից, իսկ գնդակը վնասել է կրծքավանդակի հատվածը։ Այլ լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Աբեի մոտ արյունահոսություն էր նկատվում նաև պարանոցի հատվածում։

Հաղորդվում էր, որ քաղաքական գործիչն անգիտակից վիճակում հոսպիտալացվել է։ Բժիշկները սրտի անուղղակի մերսում են իրականացրել, սակայն նա կենդանության նշաններ ցույց չի տվել։ Նրա մոտ արձանագրվել է սրտի կանգ, թոքերը դադարել են գործել։ 

Ոստիկանությունը հանցագործին ձերբակալել է դեպքի վայրում։ Ավելի ուշ ձերբակալված Տեցույա Յամագամին առաջին ցուցմունքն է տվել և հայտարարել, որ «դժգոհ էր նախկին վարչապետի վարած քաղաքականությունից» և «ուզում էր սպանել նրան»։ ԶԼՄ-ների տվյալներով՝ հարձակվողը 41 տարեկան է, նախկինում ծառայել է երկրի ծովային ինքնապաշտպանության ուժերում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել