ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի՝ ռուսական կողմի ներկայության պատճառով G20-ի նախարարների ընդհանուր լուսանկարին չմասնակցելու որոշումը, ասել է, որ ինքը Բլինքենին չի հրավիրել իր հետ լուսանկարվելու, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

G20-ի արտգործնախարարների հանդիպումն այս անգամ տեղի է ունենում Բալի կղզում հուլիսի 7-ից 8-ը։ Միջոցառման շրջանակում արևմտյան պետությունների, մասնավորապես՝ ԱՄՆ-ի և Եվրամիության ներկայացուցիչները ակտիվորեն փորձում են «անտեսել» ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած ռուսական պատվիրակության ներկայությունը։ Նմանատիպ իրավիճակը կապված է Արևմուտքի՝ Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության դատապարտման հետ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը մտադիր չէ մասնակցել Ինդոնեզիայում G20-ի շրջանակում մյուս մասնակից երկրների ԱԳ նախարարների հետ պաշտոնական խմբակային լուսանկարմանը՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ներկայության պատճառով, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով աղբյուրներ։

«Ինչ վերաբերում է ինձ հետ հանդիպումների, ինձ հետ չլուսանկարվելու մասին հայտարարություններին, ապա ես ոչ մեկին չեմ հրավիրել լուսանկարվելու: Եվ ընդհանրապես ոչ մեկին ոչ մի տեղ չեմ հրավիրել: Ինձ հրավիրել է Ինդոնեզիան»,- լրագրողներին ասել է Լավրովը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել