Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է իր հրաժարականի մասին։

Միաժամանակ, նրա խոսքով, ինքը կկատարի իր պարտականությունները մինչեւ կաբինետի նոր ղեկավարի նշանակումը։

Վերջին երկու օրվա ընթացքում կառավարության ավելի քան 50 աշխատակիցներ, այդ թվում՝ կաբինետի երկու առանցքային անդամներ՝ ֆինանսների նախարար Ռիշի Սունակը եւ առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդը, հրաժարական են տվել: Նրանք անվստահություն են հայտնել Ջոնսոնին եւ անհամաձայնություն ղեկավարման նրա մեթոդների հետ։ Ջոնսոնի կողմից նրանց փոխարինող նշանակված պաշտոնյաները նույնպես հրաժարական են տվել հենց հաջորդ օրը։ Մնալով առանց համախոհների, հանրության ճնշման տակ վարչապետը ստիպված է եղել հրաժարվել պաշտոնից։

Բրիտանական կառավարությունում զանգվածային ազատումների շարքը սկսվել է հուլիսի 5-ի երեկոյան այն բանից հետո, երբ Ջոնսոնը ստիպված եղավ ներողություն խնդրել սկանդալի համար, որի կենտրոնում հայտնվել էր Պահպանողական կուսակցությունում նրա հովանավորյալ Քրիստոֆեր Պինչերը։ Պինչերը հարբած վիճակում ոտնձգություններ էր կատարել երկու տղամարդու հանդեպ՝ Պիկադիլիում պահպանողականների համար «Քարլթոն» մասնավոր ակումբում: Ինքը՝ քաղաքական գործիչը, ընդունել է դա եւ հրաժարական տվել։ Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, Պինչերին խմբակցության փոխհամակարգող նշանակելիս Ջոնսոնը իմացել է պաշտոնյայի հանդեպ կասկածների մասին։

Մեկ ամիս առաջ Ջոնսոնն անցավ Պահպանողական կուսակցությանն անվստահության քվեի պրոցեդուրայի միջով։ Այն ժամանակ առիթը 2020-2021 թվականներին կորոնավիրուսային խիստ սահմանափակումների ժամանակ վարչապետի նստավայրում տեղի ունեցած խնջույքների հետ կապված սկանդալն էր։ Այնուամենայնիվ, Ջոնսոնին հաջողվեց մնալ իր պաշտոնում՝ ստանալով կուսակցության 211 ներկայացուցիչների աջակցությունը, ընդդեմ 148-ի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել