Armenpress.am-ը գրում է.

ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում առաջիկայում քննարկում տեղի կունենա՝ նիստերից բացակայող ընդդիմադիրներին մանդատից զրկելու հարցով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի եթերում՝ պատասխանելով լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին:

Անդրադառնալով ընդդիմադիրների դիտարկմանը, որ իրենց պատգամավորական մանդատը տվել է ժողովուրդը, և ոչ ոք դա չի կարող հետ վերցնել՝ Փաշինյանն ասաց, որ ժողովուրդը մանդատը տվել է օրենսդրության և Սահմանադրության շրջանակներում: «Իսկ ՀՀ օրենսդրությունը, Սահմանադրությունը նախատեսում են ԱԺ պատգամավորին մանդատից զրկելու կարգ, որը մեկ նստաշրջանում քվեարկությունների կեսից ավելին բացակայելու վերաբերյալ է», - հավելեց նա:

Վարչապետը հիշեցրեց՝ ինքը ևս ընդդիմադիր է եղել, իր քաղաքական ուժն արել է ցույցեր, հեղափոխություն, սակայն ինքը՝ ԱԺ պատգամավոր՝ մեկ նստաշրջանի քվեարկության կեսից ավելիից երբեք չի բացակայել:

Փաշինյանը  ընդդիմադիրներին հուշում տվեց. «Պատգամավորական գործունեությունը ոչ միայն չի խանգարում, այլ նաև, ես խիստ կասկածում եմ, որ եթե ես ԱԺ-ի պատգամավոր չլինեի, և ԱԺ-ի ամբիոնը չլիներ, ես, մեր քաղաքական թիմը կկարողանա՞ր իրագործել այն քաղաքական գործընթացները, որ տեղի ունեցան: Ժողովուրդը, Սահմանադրությունը, օրենքն ասել է, թե ինչպես են մանդատը տալիս և ինչպես այդ մանդատը հետ վերցնում: Արդյո՞ք դա տեղի կունենա. ընթացակարգ կա: ՔՊ խմբակցությունում, ես գիտեմ, որ պետք է առաջիկայում այդ թեմայով քննարկում տեղի ունենա, և խմբակցության դիրքորոշումն այս հարցում շատ կարևոր է»,-ասաց նա:

 Եթե ԱԺ խորհուրդը մանդատից զրկելու որոշում կայացնի, հետո պետք է դիմել ՍԴ, վերջնական որոշումը պետք է կայացնի ՍԴ-ն: Փաշինյանն իր անձնական դիրքորոշումը հրապարակելը ճիշտ չհամարեց, քանի որ ՔՊ խմբակցությունում, քաղաքական թիմում էլ այդ հարցով քննարկում, վերջնական որոշում դեռ չկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել