Armenpress.am-ը գրում է.

Հայաստանի Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը լրագրողների իրավունքների խախտումների վերաբերյալ ամփոփ զեկույց է ուղարկել լրագրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններին։

«Ընդդիմության խաղաղ անհնազանդության ակցիաների ժամանակ բազմաթիվ ահազանգեր էի ստանում լրագրողների իրավունքների խախտումների, նրանց մասնագիտական ազատ գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Թովմասյանը՝ հավելելով, որ զեկույցում համապատասխան հղումներով անդրադարձ է արվում լրագրողների նկատմամբ իրականացված բռնություններին, չորրորդ իշխանության ներկայացուցիչների իրավունքների խախտումներին։

Թագուհի Թովմասյանն իր զեկույցին կցել է յոթ դեպքի նկարագրություն, որոնց ժամանակ ուժ է կիրառվել, մասնավորապես, լրագրող Նարե Գևորգյանի եւ օպերատոր Արման Ղարաջյանի, «AntiFake.am» լրատվական կայքի թղթակից Դավիթ Ֆիդանյանի և նույն կայքի օպերատոր Իշխան Խոսրովյանի, «Yerkir.am»-ի լրագրող Լիա Սարգսյանի, «Yerevan Today»-ի թղթակից Սյուզի Բադոյանի, «Aravot.am»-ի լրագրող Աշոտ Հակոբյանի, «Yerkir.am»-ի խմբագիր Վահե Սարգսյանի, «Իրավունք թերթ»-ի լրագրող Հրանտ Սարաֆյանի նկատմամբ։

Միջազգային գործընկերներին ուղարկված զեկույցներում Թովմասյանը բացարձակ անընդունելի է համարել իրենց մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ ուժի գործադրումը, նրանց գործունեությանը խոչընդոտելը։

«Միաժամանակ նշել եմ, որ հասարակական կարգի պահպանման իր պարտականությունների իրականացման ժամանակ ոստիկանությունը պիտի ապահովի այնպիսի պայմաններ, որոնցում լրագրողն ունակ կլինի զբաղվել ազատ մասնագիտական գործունեությամբ։

Լրագրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող, ինչպես նաև այլ միջազգային կազմակերպությունների ղեկավարներին խնդրել եմ ձեռնարկել բոլոր հնարավոր համապատասխան միջոցառումները՝ ի պաշտպանություն լրագրողների իրավունքների»,-գրել է Թովմասյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել