ՔՊ-ական Ղազարյան Սոնան, ԵԽԽՎ-ում ելույթ ունենալով, հայտարարել է, որ քաղաքական կուսակցությունները, ի թիվս այլ գործող սուբյեկտների, պատասխանատվություն են կրում ատելության, ռասիզմի և քսենոֆոբիայի դեմ պայքարում: ՔՊ-ականը միաժամանակ մատնանշել է Ադրբեջանում տարվող արմենաֆոբ քարոզը՝ հիշատակելով Արդարադատության միջազգային դատարանի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանում հենց պաշտոնյաներն ու հասարակական կառույցներն են հրահրում և հայերի նկատմամբ ատելություն քարոզում:

Թվում է՝ անխոցելի ելույթ է՝ բխող ՀՀ ազգային շահերից: Արտաքնապես՝ գուցե: Բայց հարց է առաջանում՝ ուղղված նույն այս ելույթի հեղինակին ու նրա ներկայացրած քաղաքական ուժին՝ իսկ այդ դեպքում ինչո՞ւ են գռզոներն ու գուգոները, անդոններն ու վիգենները, տեղյակ լինելով այդ ամենի մասին, Հայաստանում բոլորովին հակառակ վարք ցուցաբերում՝ սեր ու հանդուրժողականություն քարոզելով ոչ թե ասենք սեփական համաքաղաքացիների, այլ թուրքերի ու ադրբեջանցիների հանդեպ՝ հարկ եղած դեպքում հանրությանը համոզելով, որ իրականում հայերն են թրքատյաց, հայերն են այնպես արել, որ թուրքերն ու ադրբեջանցիներն ատեն իրենց: Այսինքն՝ եթե ՔՊ-ում տեսնում են հայատյացության աննախադեպ մակարդակ՝ թշնամական երկրներում, ապա ինչու դրան ադեկվատ կերպով չեն արձագանքում, այլ տանում են պայքարի ոգին ու ինքնապահպանման բնազդը կոտրող քարոզ: Չլինի՞ թե դա անում են՝ ասենք ՔՊ-ական աչոնիկներին եվրոպաներում նման սրտաճմլիկ ելույթների հնարավորություն տալու համար:

Բազմաթիվ նման ելույթներ են հնչել արևմտյան կառույցներում, դրանից բան փոխվե՞լ է, Ալիևին ասե՞լ են՝ աչքիդ վերևն ունք կա: Պատերազմի ժամանակ նույն եվրոպացիները հակահայ բանաձևեր ու որոշումներ էին ընդունում, ողջ աշխարհն էր ծափահարում Իլհամին՝ արհամարհելով «ժողովրդավարության բաստիոնի» առաջնորդին:

Աշխարհը հարգում է ուժը, հաշվի են նստում ուժեղի ու առնվազն իրավիճակը ճիշտ գնահատողի հետ, իսկ լալահառաչ ելույթները ՔՊ-ականեը թող պահեն ներքին սպառման համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել