Կառավարությունն այսօր չզեկուցվող երկու նախագծով Ոստիկանությանը հերթական միլիարդներն է փոխանցելու: Գործադիրը մոտ 2 մլրդ դրամ կհատկացնի ոստիկաններին աշխատավարձեր և հավելավճարներ տալու համար: Տրամաբանության և հայերենի դասական շարահյուսության կանոններն աղավաղող հիմնավորման տեքստից կարելի է գալ մեկ եզրակացության, որ գումարը տրվում է, որպեսզի թույլ չտրվի տարեկան հաշվարկով ոստիկանների անվանական աշխատավարձերի  չափերի նվազեցում, սակայն հիմնավորման մեջ հստակեցված  չէ թե ինչո՞ւ  հենց բողոքի ցուցերի ընթացքում է տարվա խնդիրն լուծող հատկացումն արվում և ոչ թե, օրինակ, աշնան վերջին ամսին:

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Նախագծով առաջարկվում է  1158 ծրագրի 11001 միջոցառման «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» 4111 հոդվածը ավելացնել 1.980,0 մլն. դրամի չափով: Խնդիրը կայանում է նրանում, որ ՀՀ ոստիկանության 2022 թ․-ի բյուջեի ընթացիկ ծախսերը, նախորդ տարվա համեմատությամբ, կրճատվել է  4.057,3 մլն․ դրամի չափով, որից   1․600,0 մլն․ դրամը, մոտ 40 % -ը նվազեցվել է աշխատանքի վարձատրության գծով հատկացումներից։

Միաժամանակ, ընթացիկ տարվա տվյալ հոդվածով հատկացումներն ավելացվել է  Երևան քաղաքում (2021թ․-ի հուլիսից) և Շիրակի, Լոռու մարզերում  (ընթացիկ տարվա  ապրիլից) նոր պարեկային ծառայության ձևավորման նպատակով կատարված կառուցվածքային փոփոխությունների  արդյունքում կրճատված և նոր սահմանված ստորաբաժանումների ծառայողների (աշխատողների) աշխատանքի վարձատրության  տարեկան ֆոնդերի դրական տարբերության չափով։   Այդուհանդերձ, առկա հատկացումները, պայմանավորված  անձնակազմի ներկայիս փաստացի թվաքանակով,  բավարար չեն 2019-2021 թթ․-ին ըստ առանձին պաշտոնների խմբերի տարեկան հաշվարկով  ձևավորված անվանական աշխատավարձերի չափերի պահպանմանը։ Այլ հավասար պայմաններում ստեղծված իրավիճակը կհանգեցնի տարեկան հաշվարկով անվանական աշխատավարձերի  չափերի նվազեցմանը, որը  թույլ չտալու համար    առաջարկվում է լրացուցիչ հատկացնել   1.980,0 մլն․ դրամ»:

Մյուս նածագծով էլ կառավարությունը 215.1 մլն. դրամ  կհատկացնի ոստիկանությանն արտաքին ծառայությունում ընդգրկվող անձնակազմի՝ ճաշարանային տարածքներից դուրս սննդի ապահովման համար (օրական 3 անգամ, 2970 դրամ մրցույթային գնով)։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել