Armenpress.am-ը գրում է.

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը չի բացառում, որ դրամի արժևորման պայմաններում էլեկտրաէներգիայի և գազի սակագները կվերանայվեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գրիգորյանն այս հարցին անդրադարձավ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ-ից Բաբկեն Թունյանի հարցին:

Բաբկեն Թունյանը ընդգծեց վերջին շրջանում նկատվող դրամի զգալի արժևորման մասին, տարվա սկզբի համեմատ դրամի դոլարի նկատմամբ արժևորվել է մոտ 12-13 տոկոսով, իսկ 2021-ի համեմատ՝ մոտ 20 տոկոսով: «Եթե պարզվի, որ փոխարժեքը կայունանում է հենց այս միջակայքում, հնարավո՞ր է, որ էլեկտրաէներգիայի և գազի սակագների հարցում վերանայման հնարավորություն լինի, որովհետև իրենց հաշվարկների մեջ բավականին մեծ դեր ունի հենց փոխարժեքը»,-հարցրեց պատգամավորը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պատասխանեց, որ սակագներում փոխարժեքի ազդեցությունը հաշվարկված է: «Եվ հայկական դրամի արժևորումը բնականաբար հաշվակների մեջ պետք է մասնակից լինի: Այլ հարց է, թե որքանով է այս իրավիճակը դիսկրետ, ֆունդամենտալ ու երկարատև: Չի  բացառվում, որ սա արդեն երկարատև միտում է: Եվ նույնիսկ բյուջեով նախատեսված փոխարժեքի կամ սակագնային գործառույթներում որոշված կամ հիմք ընդունված փոխարժեքի համեմատությամբ, այո, սա արժևորված փոխարժեք է: Եվ, եթե այլ բաղադրիչներով հավելյալ ճնշումներ չլինեն, վստահ եմ, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այս հարցին կանդրադառնա տարվա կտրվածքով»,-ասաց Գրիգորյանը:

Թունյանը նկատեց, որ, երբ դրամը արժեզրկվել է, մի որոշ ժամանակ անց սովորաբար դիմել են հանձնաժողովին՝ դեպի վերև վերանայման հայտով: Թունյանը խնդրեց հստակեցնել՝ այսինքն` որոշակի ժամանակահատված դեռ կհետևեն, թե իրավիճակը ինչպես է զարգանում, և, եթե այլ պայմաններ չփոխվեն, փոխարժեքը բավարար է, որ այլ հավասար պայմաններում սակագնի դեպքի ներքև իջեցման հնարավորությունը քննարկվի՞:

Փոխվարչապետը պատասխանեց. «Վստահաբար: Եթե, ես չեմ սխալվում, փոխարժեքի ազդեցությունը սակագնի վրա տարվա կտրվածքով է դիտարկվում: Բայց մի հանգամանք էլ կա. ի վերջո նշանակություն կունենա նաև, թե  որքանով է պերմանենտ այսօրվա իրավիճակը, որ գազի դիմաց հնարավոր է վճարել նաև ոչ կոշտ արտարժույթով: Կարծում եմ՝ համադրմամբ այս հարցին անդրադարձ կլինի տարվա արդյունքներով, և էֆեկտները կարտացոլվեն սակագնում, վստահ եմ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել