ArmLur.am-ը գրում է.

ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել ՀՀ պաշտոնյաների եւ նրանց ընտանիքի անդամների դրամական միջոցների ու ունեցվածքի վերաբերյալ հայտարարագրերը: Այս անգամ անդրադարձել ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա ընտանիքի անդամների ներկայացրած հայտարարագրերին:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2018 թվականի տարեկան հայտարարագրում նշված է, որ դրամական միջոցները կազմել են 1800 դոլար, 790 հազար դրամ: Այդ տարում նա որպես եկամուտ հայտարարագրել է երկու վայրից ստացած աշխատավարձը, որն ընդհանուր կազմել է 10 մլն 44 հազար դրամ: Իսկ ահա «Երկրի հակառակ կողմը» գրքից ստացած եկամուտը կազմել է 3 մլն 919 հազար դրամ:
Իսկ ահա 2019 թվականի տարեկան հայտարարագրում նշված է, որ վարչապետը 4 մլն 550 հազար դրամով վաճառել է 2011 թվականի արտադրության Hundai Sonataa մակնիշի ավտոմեքենան: Այդ տարեվերջին դրամական միջոցները կազմել են մոտ 320 դոլար, 3 մլն 333 հազար դրամ: Իսկ կանխիկ գումարը կազմել է 1800 դոլար եւ 790 հազար դրամ: Վարչապետի 2019 թվականի եկամուտը կազմել է 11 մլն 644 հազար դրամ աշխատավարձը եւ «Անտարես»-ի հրատարակած «Երկրի հակառակ կողմը» գրքից ստացած 2 մլն 406 հազար դրամը:
2020 թվականի տարեկան հայտարարագրում նշված է, որ վարչապետի բանկային հաշվին տարեվերջին առկա է եղել 1 մլն 64 հազար դրամ եւ 56 դոլար: Նույն տարում վարչապետը ամսական ստացել է 1 մլն 36 հազար դրամ աշխատավարձ:

ArmLur.am-ը վարչապետի 2021 թվականի տարեկան հայտարարագրից տեղեկացավ, որ տարեսկզբին նրա բանկային ավանդը կազմել է 2 մլն 550 հազար դրամ, որը տարեվերջին դարձել է 3 մլն 15 հազար դրամ: Տան եւ ավտոմեքենայի մասին տեղեկություն չկա նշված հայտարարագրում: Իսկ բանկային հաշվին առկա մնացորդները կազմել են 3 դոլար եւ 27 հազար դրամ: Կանխիկ դրամը՝ 790 հազար դրամ եւ 1800 դոլար: Տպավորություն է, որ վարչապետը 2018 թվականից սկսած իր կանխիկ դրամը չի ծախսում:

Իսկ կինը՝ Աննա Հակոբյանն ունի 2 բնակարան, երկուսն էլ՝ Շենգավիթ վարչական շրջանում։ Ունեցած շարժական գույքը թվով երեքն են՝ Renault, Nissan, Vaz մակնիշի ավտոմեքենաները։ «Մեր տպարանը» ընկերությունում Աննա Հակոբյանի առեւտրային ներկայացվածությունը 50 տոկոս է կազմում։ Իսկ բանկային հաշիվներին առկա մնացորդը կազմել է 90 հազար դրամ, իսկ կանխիկ գումարը՝ 1000 դոլար։ Վարչապետի կինը 2021 թվականին երկու վայրից աշխատավարձ է ստացել՝ «Մեր տպարան»-ից՝ 446 հազար դրամի չափով եւ «Դարեսկիզբ»-ից՝ 2 մլն 842 հազար դրամ։ Ունեցած վարկերի, փոխառությունների մայր գումարի մնացորդը 2021 թվականի վերջին կազմել է 1 մլն 305 հազար դրամ: Հայաստանի վարչապետի ընտանիքից միայն կինն է ծախսերի հայտարարագիր ներկայացրել. ըստ որի՝ հանգստի համար կատարած ճանապարհածախսերը, կեցության ծախսերը կազմել է 3 մլն դրամ:

Իսկ վարչապետի որդին ոչինչ չունի՝ ոչ անշարժ գույք եւ ոչ էլ ավտոմեքենա։ Համենայնդեպս այդպես նշված է 2021 թվականի տարեկան հայտարարագրում: 2021 թվականի վերջին բանկային հաշվին առկա է եղել 3292 դրամ: Կանխիկ դրամ չունի: Մեկ տարվա մեջ երեք վայրից աշխատավարձ է ստացել. «Ակոտեք» ընկերությունից ստացել է 170 հազար դրամ, «Webiz Georgia» ընկերությունից՝ 1100 դոլար, իսկ Սվետլանա Մովսիսյան ԱՁ-ի կողմից՝ 67 հազար դրամ:

Վարչապետի դստեր՝ Մարիամ Փաշինյանի 2021 թվականի եկամուտը սեփական աշխատավարձն է եղել, որը ամսական կազմել է՝ 557 հազար դրամ։ Վարչապետի դուստրն աշխատավարձ ստացել է «Digitain LLC» ընկերությունից։ Բացի այս, նախորդ տարվա ընթացքում Մարիամ Փաշինյանը կանխիկ դրամ չի ունեցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել