Generalnews.am-ի հյուրն է ԱՄՆ-ի Չիկագոյի համալսարանի արևելագիտության ինստիտուտի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Անահիտ Խոսրոևան։

- Արևելքի հնագույն դասական ժողովուրդներից են ասորիները։  Նրանց պատմությունը սերտ առնչություններ ունի հայոց պատմության հետ։ 19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ սկզբին հայ և ասորի ժողովուրդները ենթարկվեցին թուրքական իշխանությունների սանձազերծած ցեղասպան քաղաքականությանը։ Կուզեի նախ և առաջ անդրադառնայիք Օսմանյան կայսրությունում ասորիների ցեղասպանության նախապատմությանը, դրա պատճառներին։
- Ասորի ժողովրդի պատմությունն, այո, սերտորեն կապված է հայ ժողովրդի պատմության հետ։ 19-րդ դարի երկրորդ կեսին՝ 1894-1896 թթ․, աբդուլհամիդյան կոտորածների ժամանակ 300 հազար հայերի հետ մեկտեղ 55 հազար ասորիներ նույնպես ենթարկվեցին սուլթանական ջարդերին։ Արդեն 1-ին աշխարհամարտի տարիներին հայ և ասորի ժողովուրդները ենթարկվեցին երիտթուրքերի հալածանքներին, որոնց բռնապետության դեմ հայերն ու ասորիները եղբայրաբար պայքարեցին։ Դեռևս մինչև 1914 թ․ ասորական գյուղեր կային Օսմանյան Թուրքիայի արևելյան շրջաններում, այսինքն Արևմտյան Հայաստանի Վանի վիլայեթի Հաքյարի սանջակում, Էրզրումի, Դիարբեքիրի, Խարբերդի, Սեբաստիայի նահանգներում, ինչպես նաև Իրանի տարածքում ևս՝ Սալմաստում, Ուրմիայում ապրում էին մոտ 70 հազար ասորիներ, Իրաքի, Մոսուլի տարածքներում ևս կային ասորական շրջաններ․ իմ հաշվարկներով այստեղ ապրում էր մոտ 1 միլիոն ասորի ժողովուրդ, ովքեր միալեզու էին, ունեին ազգային և մշակութային սեփական սովորույթները։ Այդ մեկ միլիոնից ասորիները կորցրել են իրենց ազգի 3 քառորդը, այսինքն 500-750 հազար ասորիների մասին է խոսքը։ Մամուլի, փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում ես էլ եմ կատարել որոշ հաշվարկներ, ըստ որի կարծում եմ, որ միայն Առաջին աշխարհամարտի տարիներին կոտորվել են 250-270 հազար ասորիներ։ Ասորիների, հայերի և հույների ցեղասպանությունն, ըստ էության, 20-րդ դարի առաջին միտումնավոր, ծրագրված ցեղասպանություններն են եղել։ Ասորիների ցեղասպանության դեպքում էլ թուրքական կառավարությունը նախապես ծրագրել և հաջողել էր իրագործել ցեղասպան քաղաքականությունը։ Աշխարհի խոշոր տերությունների հանցավոր թողտվության և ռազմական դրության ընձեռած հնարավորություններից օգտվելով, երիտթուրքերն իրականացրին մարդկության դեմ ուղղված այդ հանցագործությունը։ Ասորիների քրիստոնեական ինքնությունն այդ ժամանակ արդեն պանթյուրքական գաղափարներ դավանող թուրք ազգայնականների կողմից դիտվում էր որպես անցանկալի երևույթ, որն էլ առիթ դարձավ, որ ասորիներին ևս սկսեն կոտորելը։ Ասորիների ցեղասպանության պատճառները գրեթե ոչնչով չէին տարբերվում, շատ նման էին հայոց ցեղասպանության պատճառներին։ Խոսելով թուրքական վայրագ քաղաքականության հեղինակների մասին՝ հիշենք, որ նրանք հայտարարում էին, որ թուրքական առաջին սուլթանները քրիստոնյաների հանդեպ եղել են մեղմ, ուստի իրենք պետք է ուղղեն այդ "սխալը"։


- Կուզեի խոսել ցեղասպանության իրականացման մեխանիզմների և դրա հետևանքների մասին։
- Մեխանիզմների մասին խոսելիս նորից շեշտեմ, որ այն չէր տարբերվում հայերի հանդեպ իրագործած ցեղասպան քաղաքականության մեխանիզմներից․ այսինքն այն փուլերը, որ առկա էին հայոց ցեղասպանության մեջ․ այն է՝ տղամարդկանց զինաթափումը, եկեղեցիների հանդեպ վարած քաղաքականությունը, մտավորականության հալածանքները և այլն, նույնությամբ կիրառվել են ասորիների նկատմամբ, քանի որ հայերն ու ասորիներն ապրում էին նույն վայրերում։ Փաստաթղթերում կան վկայություններ այն մասին, որ շատ դեպքերում հրամաններում նշվում էր հենց հայերին սպանելու մասին, խոսվում էր ասորիներին դեռ ձեռք չտալու մասին, սակայն վերջիններս լավ էին հասկանում, որ իրենց հերթն էլ է գալու, ուստի եղբայրաբար հայերի հետ մեկտեղ պայքարում էին թուրքերի դեմ։ Ինչ վերաբերում է ասորիների ցեղասպանության հետևանքներին, նշեմ, որ ես մտածում եմ, որ առաջին հետևանքը դա հայրենազրկումն է։ Եթե ասորիները հարյուրամյակներով ապրել են նշված տարածնքներում, և այսօր ոչ մի մարդ չկա այնտեղ մնացած, ապա վստահաբար ասեմ, որ տեղի է ունեցել հայրենազրկումը։ Դրան գումարենք նաև մարդկային կորուստները, մշակութային ժառանգության կորուստները՝ եկեղեցիներ, դպրոցներ, ասորական ձեռագիր մատյաններ։ Կարևոր է խոսել նաև ֆինանսական կորուստների մասին․ իհարկե ասորիներն այնքան հարուստ չեն եղել, ինչպես հայերը, սակայն կորցրած տարածքներում ունեցել են հողեր, ունեցվածք և այլն։ Հայաստանի ազգային արխիվում պահվող փաստաթղթերում անուն առ անուն նշված են մարդկանց տվյալներ, ովքեր թողել են իրենց տունն ու ունեցվածքը և գաղթել են Արևելյան Հայաստան։ Եվ սա ընդամենը մեկ օրինակ է: Այս պահին ֆինանսական կորուստների հստակ թիվ դեռևս հաշված չէ, բայց պարզ է, որ դրանք ահռելի չափերի են հասել։ Հոգեբանական և բարոյական հարվածները ևս կարևոր են ցեղասպանության հետևանքների շարքում, քանի որ հոգեբանական բարդույթներ ձեռք են բերել ոչ միայն ցեղասպանության վերապրածները, այլև նրանց սերունդները։

- Ինչ վերաբերում է ասորիների ցեղասպանության միջազգային ճանաչմանը, ապա  ինչպիսի՞ն է այստեղ պատկերը, ինչպիսի՞ն է միջազգային հանրության վերաբերմունքը քննարկվող հարցում։
- Նշեմ, որ 2007 թ․ դեկտեմբերին ցեղասպանագետների միջազգային  ընկերակցութունն առաջինն էր, որ ճանաչեց ասորիների ցեղասպանությունը։ 2010 թ․ Շվեդիայի խորհրդարանը հայերի և Պոնտոսի հույների ցեղասպանության հետ մեկտեղ ճանաչեց նաև ասորիների ցեղասպանությունը։ 2015 թ․ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի օրերին ՀՀ խորհրդարանը ևս ճանաչեց ասորիների  և հույների ցեղասպանությունը։  Որոշ վերապահումներով ասորիների ցեղասպանությունը ճանաչվել է Հոլանդիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի որոշ նահանգների կողմից։ Եթե հայերն իրենց ցեղասպաության ճանաչման խնդիրներով սկսել են զբաղվել 1965 թ․ սկսած, ապա ասորիները միայն վերջին երկու տասնամյակում են, որ ինտենսիվ սկսել են զբաղվել այս խնդրով։ Իհարկե դա ունեցել է օբյեկտիվ պատճառներ, բայց գուցե մի օր հասնենք նրան, որ այսօրվա Թուրքիան, որն իրեն համարում է Օսմանյան կայսրության հետևորդը, ճանաչի իր պապերի կողմից իրագործած երեք քրիստոնյա ազգերի հանդեպ կատարած վայրագությունները որպես ցեղասպանություն։

- Տիկին Խոսրոևա, կխնդրեի անդրադառնալ նաև այսօր աշխարհում սփռված ասորիների ինքնության պահպաման խնդիրներին։

- Սա այնքան բարդ հարց է։ Աշխարհում այսօր սփռված են 4 միլիոն ասորիներ։ Ամենամեծ համայնքը Իրաքում է, որտեղ ասորիները համարվում են բնիկներ, սակայն 2003 թ․ Սադամ Հուսեյնի վարչակարգի տապալմամբ շատ բան փոխվեց․  միլիոն ութ հարյուր հազարանոց ասորական համայնքը դրանից հետո սփռվեց տարբեր երկրներում, դրան գումարած "Իսլամական պետություն" ահաբեկչական խմբավորման ահաբեկիչների հայտնվելը, բոլոր բարբարոսությունները ևս նպաստեցին, որ ասորիներն արտագաղթեն։ Մեծ հոսք է տեղի ունեցել դեպի Եվրոպա, հատկապես Շվեդիա (քանի որ էնտեղ մեծ համայնք ունենք), Ավստրալիա և այլն։ Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում ևս հաստատվողներ եղան։ Հայրեիքից դեպի Արևմուտք գաղթելիս մի շարք օբյեկտիվ պատճառներով մեծ ճամբարներ են առաջացել Հորդանանում և Թուրքիայում, որը ևս խնդիրներ է առաջացնում ասորիների հետագա կենսագործունեության համար։ Օրինակ, դպրոցահասակ երեխաները դպրոց չեն հաճախում, որն ինքնին աղետալի վիճակ է ստեղծում։ Ինքնության պահպանման խնդիրը բարդ է, քանի որ չկա պետություն, այս մարդիկ ասիմիլացվում են, ադապտացվում են այն երկրների մշակույթին, որտեղ ապրում են։ Նշեմ, որ իսլամական երկրներում ինքնությունը պահպանելն ավելի հեշտ է։ Իմ օրինակով ասեմ, որ մայրս հայուհի է, հայրս՝ ասորի, այսինքն Հայաստանում ասորիները վտանգ չեն զգում․ որտեղ վտանգ կա, էնտեղ ինքնությունն ավելի հեշտ է պահպանվում։ Իհարկե, գնալով ազգը քչանում է․ ճիշտ է լեզուն կա, բայց արդեն հաջորդ սերունդը ավելի քիչ է այն կիրառում։

- Ի վերջո, կուզեի խոսեիք նաև Հայաստանում ասորական համայնքի կարգավիճակի և երկրում նրա դերակատարման մասին։

- Հայաստանում ունեցել ենք մեծ համայնք, բայց ԽՍՀՄ փլուզումից հետո սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում շատերը արտագաղթեցին Ռուսաստան։ Հիմա մոտ 4.000 ասորիներ կան Հայաստանում, ունենք 4 գյուղեր՝ Դվինը, Արզնին, Դիմրիտրովը և Նոր Արտագերսը, ունենք ասորական եկեղեցի՝ քահանայով, դպրոցներում լեզուն դասավանդվում է, գրքեր են տպվում, ՀՀ ԱԺ-ում ունենք ասորի պատգամավոր․ բոլորս աշխատում ենք, որ մեր հայրենիքում՝ Հայաստանում, ունենանք մեր ներդրումը։

 

Հարցազրույցը վարեց «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի փորձագետ, պ․գ․թ․, դոցենտ Մարինե Գևորգյանը                                         

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել