Հայաստանի և Ադրբեջանի ազգային հանձնաժողովների՝ սահմանազատման և անվտանգության հարցով առաջին նիստը, որը կայացել է մայիսի 24-ին երկու երկրների սահմանին, անցել է կառուցողական։ Այս մասին ուրբաթ ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում ասել է հայկական հանձնաժողովի նախագահ, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Իրոք, մայիսի 24-ին մենք առաջին հանդիպումը անցկացրինք սահմանին, այս հանդիպմանը քննարկեցինք հետագա համատեղ աշխատանքի բացառապես կազմակերպչական հարցեր, և այս առումով հանդիպումը բավականին կառուցողական եմ համարում։ Դեռևս համաձայնություն չկա սահմանազատման և սահմանների անվտանգության հարցերով հանձնաժողովների հաջորդ նիստի ժամկետի վերաբերյալ, սակայն կա հաստատում, որ հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում»,- ասել է նա։

Գրիգորյանը հաստատել է, որ հաջորդ շաբաթ Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ կկայանա տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի նիստը։

Նրա խոսքով՝ հանդիպման կոնկրետ ժամկետն այժմ համաձայնեցման փուլում է, և հանդիպման օրակարգում ներառված են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների  2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի 11 հունվարի եռակողմ հայտարարությունների շրջանակում պայմանավորվածությունների կատարման հետ կապված հարցեր։

«Այս օրակարգը սահմանազատման հետ կապ չունի»,- հավելել է նա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել