Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների հաջորդ նիստը տեղի կունենա հաջորդ շաբաթ Մոսկվայում, լրագրողներին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։

«Այն կանցկացվի հաջորդ շաբաթ»,- Ռուդենկոյի խոսքը մեջբերում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները երեքշաբթի արդեն հանդիպել են երկու երկրների սահմանին` սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի ձևաչափով։

Հիշեցնենք, որ երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման շրջանակներում և համապատասխան հանձնարարականների հիման վրա 2022 թվականի մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով։ 

Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը` հանձնաժողովների շրջանակներում աշխատանքներ տանելու սահմանազատման և այլ համապատասխան հարցերի, այդ թվում՝ սահմանային անվտանգության ապահովման հարցերի շուրջ։

Քննարկվել են հանձնաժողովների համատեղ գործունեության կազմակերպչական և ընթացակարգային հարցեր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել