168.am-ը գրում է.

Մայիսի 23-ին Բրյուսելում տեղի է ունեցել Եվոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որից հետո Շառլ Միշելը հանդես է եկել հայտարարությամբ։

«Այսօր ընդունեցի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Սա այս ձևաչափով մեր երրորդ հանդիպումն էր։ Մենք կենտրոնացանք Հարավային Կովկասի իրավիճակի և երկու երկրների, ինչպես նաև ավելի լայն տարածաշրջանի հետ ԵՄ-ի հարաբերությունները զարգացնելու վրա։ Քննարկումն անկեղծ և արդյունավետ էր։ Մենք դիտարկեցինք հարցերի ողջ փաթեթը։ Մանրամասն քննարկել ենք հումանիտար հարցերը, այդ թվում՝ ականազերծման, պահվող անձանց ազատ արձակելու և անհետ կորած անձանց ճակատագիրը պարզելուն ուղղված ջանքերը»,- ասված է Միշելի հայտարարության մեջ։

Նա նաև ներկայացրել է արդյունքները, որոնց հասել են քննարկումների ժամանակ՝ ընդգծելով սահմանային հարցերը, հաղորդակցությունների բացման ոլորտները, ինչպես նաև խաղաղության պայմանագիրը, որտեղ ասել է, որ երկու ղեկավարներին ասել է, որ «անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»:

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն անդրադառնալով Շ. Միշելի հայտարարությանը, մասնավորապես այն կետին, թե «անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը», նկատեց՝ այս ամենը նշանակում է, որ հայկական կողմից բանակցող չկա, իսկ Նիկոլ Փաշինյանը գնում է Բրյուսել և անում է այն, ինչ իրեն ասում են, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։

«Իբր մեր շահերից բխող 6 կետերը, որտեղ իրականում մեր շահերից բխող որևէ բան չեմ տեսել, այդպես էլ Ադրբեջանը չընդունեց, և բանակցությունները մնաց Բաքվի առաջարկած 5 կետերի վրա։ Եթե Արցախի կարգավիճակի մասին չի խոսում հայկական կողմը, ինչո՞ւ ենք զարմանում, որ այդ մասին չի խոսում նաև Եվրոպան։

Հիշեցնեմ, որ ապրիլի 13-ին Նիկոլ Փաշինյանն ԱԺ դահլիճում հայտարարեց, որ եթե նախկինում կարգավիճակից էր բխում անվտանգությունը, ապա այժմ անվտանգությունից պետք է բխի կարգավիճակը։ Սա հեշտ կարելի է վերծանել և ասել, որ դա նշանակում է՝ պայմանավորվում են, որ այս մարդկանց չեն կոտորում, տալիս են լեզվի ու գրականության իրավունք, ապրելու, եկեղեցի ունենալու իրավունք, այսինքն՝ ամեն ինչ տանում են դրան։ Հայկական կողմն էլ ոգևորությամբ խոսում է, որ դա շատ լավ բան է, հետևաբար՝ մենք ինչու ենք զարմանում»,-  նշեց Մետաքսե Հակոբյանը։

Ըստ պատգամավորի, եթե նման բան տեղի ունենա, ապա Արցախում կլինի այն իրավիճակը, ինչ եղել է նախորդ դարի սկզբին՝ ընդհուպ մինչև 1991 թվականը, երբ Արցախը բռնակցված էր Ադրբեջանին։ Այդ ժամանակ էլ Արցախում հայերն ապրելու իրավունք ունեին, բայց ինքնավար մարզի կարգավիճակում։

«Հիմա ինքնավար մարզի կարգավիճակ էլ չեն տա, ուղղակի Ադրբեջանի կազմում հայերը կարող են ապրել, որը, բնականաբար, տրամաբանությունից դուրս է, ֆանտաստիկա է ու անհնարին, որովհետև այդ դեպքում որևէ արցախցի ուղղակի չի ապրի Արցախում։ Սա հաշվի առնելով, պետք է ընդդիմության շարժումն ավելի մեծանա, և ձեռնարկվեն այլ քայլեր՝ այս ամենը կանխելու համար։

Ի դեպ, նման նախադեպ այլ երկրներում եղել է, երբ գերտերությունները կարողացել են հասնել այն նպատակներին, ինչին ձգտել են։ Եթե չեմ սխալվում, նման նախադեպ եղել է Պաղեստինում, երբ երկիրն ուղղակի զրկվում է բանակ ունենալու իրավունքից և այլ իրավունքներից։

Այն գործընթացը, որը հիմա մեծ թափով առաջ են տանում, մաքսիմում, եթե մենք հաջողության չհասնենք, ապա իրենք 2-3 ամսում կհասնեն հաջողության»,- ընդգծեց Մետաքսե Հակոբյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ Եվրոպայի խորհրդի նախագահի դիրքորոշումներում որևէ հայանպաստ բան չի տեսնում, և Եվրոպայի խորհրդի նախագահի ակտիվությունը պայմանավորված է Ռուսաստանին «պատժելու» հետ։ Նրա խոսքով՝ նրանք օգտագործում են այս առիթը՝ Ռուսաստանին խաղից հանելու համար, ինչին նպաստում է նաև Հայաստանի ղեկավարությունը։

Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակում հայության անելիքներին, Մետաքսե Հակոբյանը շեշտեց, որ Հայաստանում առողջ ուժերը և Արցախում գրեթե բոլոր քաղաքական ուժերն արդեն իրենց դիրքորոշումն արտահայտել են։

«Այն, ինչ Նիկոլ Փաշինյանն ասել էր ապրիլի 13-ին ԱԺ-ում, նա նույն բանը կրկնեց նաև Բրյուսելում։ Պարզապես ժամկետների առումով մենք հասկացանք, որ մեզ ավելի քիչ ժամանակ է մնացել։ Մնացած բոլոր առումներով հիմա գործողությունները ժողովրդինն են, ժողովուրդը պետք է ոտքի կանգնի, այստեղ այլևս չկա Հայաստան ու Արցախ, սա յուրաքանչյուրիս խնդիրն է։ Եթե մենք միասնական չգործենք, ապա այս մարդը, որն ատում է հայությանը, հաջողության է հասնելու»,- եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել