168.am-ը գրում է․

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ:

Շառլ Միշելը մասնավորապես տեղեկացրել է, որ առաջիկա օրերին միջպետական սահմանին տեղի կունենա սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ նիստը, ապա նաև վստահեցրել՝ ղեկավարները համակարծիք էին տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում և պայմանավորվել են առաջ տանել Հայաստանի և Ադրբեջանի միջև ապագա խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները, որով կարգավորվելու են միջպետական հարաբերությունները։

«Առաջիկա շաբաթների ընթացքում ԱԳ նախարարների գլխավորած թիմերն առաջ կտանեն այս գործընթացը։ Սրան ի լրումն՝ շեշտել եմ երկու ղեկավարներին, որ անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»,- նշել է ԵԽ նախագահը:

Ուշագրավ է, որ այս հայտարարության տեքստում որևէ տեղ չկա Արցախ կամ Լեռնային Ղարաբաղ եզրույթի հիշատակումը, իսկ ինքնորոշման իրավունքի փոխարեն՝ շեշտվում է «էթնիկ հայ բնակչության իրավունքների ու անվտանգության» հարցը, այն էլ՝ ԵԽ նախագահի կողմից:

168.am ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է արցախահայության իրավունքների ու անվտանգության հարցերի մասին շեշտադրումներ հնչեցնում Շառլ Միշելը և ոչ թե՝ Նիկոլ Փաշինյանը:

Ի պատասխան՝ Արմինե Ադիբեկյանը հիշեցրեց, որ 4 տարի շարունակ Նիկոլ Փաշինյանը փորձել է ազատվել Ղարաբաղի հարցից.

«Այդ հարցի լուծումը և հայ բնակչության խնդիրների լուծումը նա փոխադրել է Եվրոպայի և Ռուսաստանի ուսերին, ու հիմա Փաշինյանն անելու է ամեն ինչ, որ Արցախի ու արցախահայության խնդիրն ընդմիշտ փակի Հայաստանի Հանրապետության համար:

Բա այս մարդն ինչի՞ համար է եկել. Արցախը հանձնի, պատերազմում պարտվի, ժողովրդի ողնաշարը կոտրի՝ մի ամբողջ սերունդ մատաղ անելով: Եվ բնական է՝ այդ ամենի արտացոլումն է այն, որ իրեն հետաքրքիր չէ, թե ինչ է լինելու հայկական ազգանուն կրող, հայերեն խոսող, իրենց հայ համարող 150.000 հոգու հետ. ինչ ուզում եք՝ արեք, որտե՞ղ է պետք ստորագրեմ, բերեք ստորագրեմ՝ էդ թեման ինձ համար փակեք»:

Դիտարկմանը, թե նախկին իշխանություններից տարբեր ներկայացուցիչներ շարունակում են պնդել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, և հարցադրումներին՝ արդյո՞ք մեկնարկած գործընթացը հնարավոր է կանխել, արդյո՞ք դիմադրության այս շարժումն արդյունքներ կունենա, Արմինե Ադիբեկյանն արձագանքեց՝ հենց այս շարժման արդյունքում երեք տարբեր մակարդակներով ՀՀ իշխանության ներկայացուցիչները որոշակի թեզեր առաջ քաշեցին:

«Օրինակ, առ այն, որ Ադրբեջանը չունի բավական իրավական հիմքեր, որ ՀՀ-ից անկլավներ պահանջի:

Գուցե դա նրանից է, որ նրանք ուզում են մեզ հաճոյանալ, որպեսզի մեր պայքարի աստիճանը իջեցնեն, թե՝ տեսեք, Նիկոլը խելքը գլուխն է հավաքել ու արդեն սկսում է հայանպաստ օրակարգ ներմուծել. դա սուտ է և քնաբեր է մեր շարժման համար, որովհետև մենք բոլորս գիտենք՝ Փաշինյանն ունակ է գնալ ցանկացած ստի, դավաճանության, որ պաշտպանի իր սեփական և իր մտերիմների շահերը: Սուտը և Փաշինյանը ծնվել են միաժամանակ, ու դրա համար նրանց խոսքերը չի կարելի ընդունել իբրև հիմք:

Եվ նաև՝ Արցախի առնչությամբ նրանք գոնե դադարել են խոսել  նշաձող իջեցնելու մասին, որ ավելի չհրահրեն այս հականիկոլական, հակաիշխանական, հակահակահայկական գործընթացները և քաղաքականությունը»,- մանրամասնեց նա:

Անդրադառնալով վերջին շրջանում Փաշինյանի ու նրա թիմի արտերկրյա այցերի աշխարհագրությանը և տարածվող թեզին, թե նա ցանկանում է արտաքին քաղաքական վեկտոր փոխել՝ ադրբեջանագետը շեշտեց.

«Նրա ուզելով կամ չուզելով չի. նրան օժանդակել են, որ նա գա և անի այն, ինչ հիմա անում է, որովհետև Նիկոլ Փաշինյանն ինքն իրենով չունի ո՛չ ուղեղ, ո՛չ փորձ, ո՛չ ռեսուրս, և ո՛չ էլ համապատասխան հմտություններ, որ ինքնուրույն որոշի ու կարողանա վեկտոր փոխել: Փողը տվել են, ասել են՝ այս, այս բաները կանես, այս ու այս բաները՝ կանես: Մարդը քանի՞ գլխանի է, որ գնա ու սկսի ՀԱՊԿ-ում մատ թափ տալ. դա կարող է լինել միայն մի պարագայում, երբ նա ուղիղ հրահանգվել է և թիկունքում ունի ուժեր, որ նրան պաշտպանելու են վատ զարգացումների դեպքում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել