Lurer.com-ը գրում է.

Վերջին շրջանում Հայաստանի իշխանությունները ակնհայտ ակտիվություն են դրսևորում Արևմուտքի հետ հարաբերությունների զարգացման հարցում: Դա առաջին հերթին դրսևորվում է այն բարձր մակարդակի հանդիպումներով, որոնք ունենում են Նիկոլ Փաշինյանի կաբինետի անդամները  արևմտյան կառույցների և պետությունների ղեկավարների հետ:

Դիցուք՝ այսօր Հայաստան էր ժամանել Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան: Գաղտնիք չէ, որ Լիտվան ԵՄ թերևս ամենա հակառուսական կողմնորոշում ունեցող պետություններից է, այն 2004 թվականից անդամակցում է ՆԱՏՕ-ին: Բնականաբար, Լիտվայի նախագահի ընդունելությունը հստակ մեսիջ է ռուսական կողմին, որով ընդգծվում է ՀՀ իշխանություննեի պրո-արևմտյան ուղղվածությունը: 

Լիտվայի նախագահին ընդունելուց զատ, Հտարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի դեսպան Բեդրիխ Կոպեցկիին։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ հանդիպման ժամանակ քննարկում է ծավալվել էներգետիկ և տրանսպորտի ոլորտներում չեխական ընկերությունների ներգրավվածության շուրջ։

Կրկին այսօր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԽ 132֊րդ նախարարական նստաշրջանի շրջանակում Թուրինում հանդիպում է ունեցել Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոյի հետ։ Կողմերը անդրադարձ են կատարել բարեկամական և ընդհանուր արժեքների վրա հիմված հարաբերությունների զարգացմանը, քաղաքական երկխոսության և բարձր մակարդակում փոխայցելությունների ակտիվացմանը։ Ընդամենը երկու օր առաջ էլ  Արարատ Միրզոյանը Բրյուսելում էր, որտեղ անց էր կացվում Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի 4-րդ նիստը: Նիստի օրակարգում էր Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ու Տնտեսական և ներդրումային ծրագրի կատարման ընթացքը: Այդ նույն ժամանակ Նիկոլ Փաշինյանը ընդունել էր Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Ընդամենը օրեր անց Նիկոլ Փաշինյանը կրկին մեկնելու է Բրյուսել, որտեղ կկայանա հերթական հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, սրանով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման քավորությունը մեկ անգամ ևս հանձնվում է Արևմուտքին:

Այս բոլոր հանդիպումները  և ընդհանրապես արևմտյան վեկտորի ակտիվացումը Փաշինյանի հերթական հակա-ռուսական մեսիջների շարքին են դասվում: Զարմանալի չէ, որ այս ֆոնին ակտիվացել են նաև Հայաստանում ԱՄՆ և ԵՄ դեսպանները, որոնք իրենց անթաքույց աջակցությունն են հայտնում Փաշինյանի կառավարությանը` քողարկելով դա հայ ժողովրդի ընտրությունը հարգելու և պաշտպանելու դիվանագիտական շղարշով: Հակա-ռուսական մեսիջների թվին կարելի է դասել նաև Փաշինյանի ելույթը ՀԱՊԿ վերջին գագաթնաժողովի ժամանակ, որի ընթացքում ՀՀ վարչապետը հերթական անգամ կշտամբեց ՀԱՊԿ-ին Հայաստանի օգնության խնդրանքը անպատասխան թողնելու մեջ: Ասել, որ ռուսական կողմը չի նկատում Փաշինյանի հերթական ռևերանսները Արևմուտքին, սխալ կլինի և դրա վառ ապացույցն է օրեր առաջ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան տարածած հաղորդագրությունը, որը վերաբերվում էր Հայաստանում գործող ամերիկյան կենսաբանական լաբորատորիաներին: 

Ակնհայտ է, որ հայ-ռուսական հարաբերությունների վատացումը ձեռնտու է միայն թուրք-ադրբեջանական դուետին: Ադրբեջանում սպասում են, որպեսզի այդ հարաբերությունները վատանան մինչև անդառնալիության կետը, խախտվի ռազմաքաղաքական հաշվեկշիռը մեր տարածաշրջանում և անցնեն գրոհի: Թե ինչով է ավարտվելու Փաշինյանի այս վտանգավոր խաղը` դժվար չէ պատկերացնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել