Armenpress.am-ը գրում է.

Ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և հիմնարար ազատությունները փոխկապակցված են և միմյանց ամրապնդող:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ իր ելույթում այս մասին ասաց Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության գրասենյակի ղեկավար Անդրեա Վիկտորինը:

«Դրանք չեն իրագործվում միանգամից, մենք չենք ունենում ժողովրդավարություն և դրանով գոհ լինում: Դա ամենօրյա գործընթաց է, և մենք բոլորս պետք է պայքարենք դրա համար: Հետևաբար, ի՞նչ է ժողովրդավարությունը: Ժողովրդավարությունն ապահովում է այնպիսի միջավայր, որտեղ բոլորը կարող են օգտվել հավասար իրավունքներից, կարող են ազատորեն արտահայտել իրենց կամքը, իրենց ձայնն ունենալ որոշումների կայացման մեջ և ապահովել, որ որոշում կայացնողները հաշվետու լինեն: Ժողովրդավարություն նշանակում է հասանելիություն ունենալ իշխանությանը և այն իրացնել օրենքի գերակայության սկզբունքին համապատասխան, ունենալ իշխանություն, իշխանության ճյուղերի տարանջատում և անկախ դատական համակարգ, ունենալ բազմակարծություն քաղաքական կուսակցություններում և կազմակերպություններում և բազմակարծություն հասարակության մեջ և անկախ լրատվամիջոցներում: Եվ,ի վերջո, ունենալ ուժեղ, թափանցիկ, հաշվետու պետական ինստիտուտներ: Սա միանգամից տեղի չի ունենում, մենք դա գիտենք: Այն ենթադրում է տևական ջանք առաջընթաց արձանագրելու համար: Հիմա կան զգալի նոր մարտահրավերներ, որոնք ազդում են ժողովրդավարության վրա ամբողջ աշխարհում: Մենք նկատում ենք, որ ամբողջ աշխարհում աճող ժողովրդավարացման շրջանից հետո շատ ժողովրդավար երկրներ կարծես թե ետընթաց են ապրում: Հայաստանը նույնպես բախվել է այնպիսի լուրջ մարտահրավերների, ինչպիսիք են կորոնավիրուսի համավարակը, 44-օրյա պատերազմը, ետպատերազմյան իրավիճակը և վերջերս նաև ռուս-ուկրաինական հակամարտության ազդեցությունը»,- ասաց Վիկտորինը:

Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության գրասենյակի ղեկավարը համամիտ է, որ չի լինի խաղաղություն և անվտանգություն առանց ժողովրդավարության:

«Այս մարտահրավերներն ունեն կարևոր սոցիալական, հոգեբանական և տնտեսական հետևանքներ: Դժվար է դրանք հաղթահարել, միևնույն ժամանակ պաշտպանելով մարդու իրավունքների արտահայտումը: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ մենք կարող ենք ասել, որ Հայաստանին հաջողվել է պահպանել հիմնական ազատությունները, հաշվի առնելով համավարակի ժամանակ խորհրդարանի գործունեությունը, մամուլի բազմակարծությունը: Հայաստանի գլխավոր ձեռքբերումներից մեկը՝ ազատ, մրցակցային, թափանցիկ և լավ կազմակերպված արտահերթ խորհդարանական ընտրություններ էին 2021 թվականին՝ չնայած նախապատրաստական կարճ ժամկետին և համաշխարհային առողջապահական ճգնաժամին: Ընտրությունների ժամանակ Հայաստանն արտահայտեց իր ժողովրդի կամքը շարունակելու ժողովրդավարության ուղին, շարունակելու իր բարեփոխումների ուղին: Այս նպատակով Հայաստանին անհրաժեշտ է անկախ, բազմակարծիք, վստահելի և պատասխանատու մեդիա ոլորտ: Խոսքի ազատության իրավունքի ամրապնդումը, անկախ մեդիայի և պատասխանատու լրագրության զգացումը խաղաղության և ժողովրդավարության կարևոր նախադրյալներն են, որպեսզի ճշգրիտ տեղեկատվություն ստանալու հնարավորություն ունենանք և ազդեցություն չկրենք ապատեղեկատվությունից: Եվրամիությունը պաշտպանում է լրատվամիջոցների ազատությունը և բազմակարծությունը որպես ժամանակակից ժողովրդավարության հիմնասյուներ և բաց ու ազատ բանավեճի հնարավորություն ստեղծողներ»,- ասաց Վիկտորինը:

Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության գրասենյակի ղեկավարի կարծիքով՝ Հայաստանին նաև անհրաժեշտ է հզոր քաղաքացիական հասարակություն, որը ցանկացած ժողովրդավարական համակարգի առանցքային բաղադրիչն է:

«Քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավվածությունը քաղաքականության մշակման և կառավարման բարեփոխումներում կարևոր է Հայաստանում քաղաքական վերափոխման հասնելու համար: Այնուամենայնիվ, Հայաստանի քաղաքացիական հասարակությունը ենթարկվում է քննադատությունների, մարդու իրավունքների ակտիվիստները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, որոնք առաջ են մղում մարդու իրավունքները և ժողովրդավարական արժեքները և խաղաղաշինությունը, դարձել են հարձակումների, մեղադրանքների և ատելության խոսքի թիրախ»,- եզրափակեց Վիկտորինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել