Shamshyan.com-ը գրում է.

Մայիսի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկ Արա Մ.-ն նույն գումարտակի ավագ պարեկ Ք. Ն.-ի հետ ծառայություն իրականացնելիս է եղել Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի սկզբնամասում, երբ նրանց մոտով երթևեկող Mercedes մակնիշի ավտոմեքենայի միջից հայհոյանքներ են հնչեցրել պարեկների հասցեին, տեղեկացնում է shamshyan.com-ը։ 

Վերջիններս իրավախախտի ինքնությունը պարզելու նպատակով կանգնեցրել են Mercedes-ը, որից իջել են 4 երիտասարդներ, որոնցից մեկը, մոտենալով, կրկին հայհոյանքներ է հնչեցրել պարեկների հասցեին, ապա ձեռքով հարվածել Արա Մ.-ի դեմքին:

 
Պարեկները մի քանի անգամ զգուշացրել են այդ քաղաքացուն, որպեսզի չշարունակի անհարգալից վերաբերմունք ցուցաբերել, սակայն նա ոչ միայն չի ենթարկվել օրինական պահանջներին, այլ շարունակել է նույն գործողությունները:

Պարեկները ստիպված են եղել նրան բերման ենթարկել, սակայն մյուս 3 անձինք սկսել են խոչընդոտել պարեկների օրինական գործողություններին: Այլ ելք չունենալով, կիրառվել է հատուկ միջոց՝ ցողացրիչ և այդ երիտասարդի ձեռքին հագցրել են ձեռնաշղթա և նստեցրել ծառայողական Toyota Camry-ն, այնուհետև օգնության հասած մյուս պարեկները բոլորին բերման են ենթարկել Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին:

Պարզվել է, որ  պարեկների օրինական պահանջին չենթարկվող, նրանց նկատմամբ բռնի գործողություն գործադրողը Ստեփանավան քաղաքի բնակիչ, 25-ամյա Գևորգ Պ.-ն է: Իսկ նրա հետ եղած 3 անձինք նույնպես Ստեփանավան քաղաքի բնակիչներ, 27-ամյա Սամվել Կ.-ն է, 24-ամյա Արամ Մ.-ն է և  28-ամյա Ալբերտ Թ.-ն է: Վերջիններս  այնուհետև բաց են թողնվել:

Ոստիկանության Տարոնի  բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Լոռու մարզի դատախազություն՝ ենթակայության հարցը որոշելու: Կայքի տեղեկություններով՝ Գևորգ Պ.-ն ծառայում  է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել