ԱԺ պատգամավորներ Արթուր Վանեցյանը, Արմենուհի Կյուրեղյանն ու Տիգրան Աբրահամյանն այցելել են ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական գլխավոր վարչություն։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արթուր վանեցյանը։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

Պատգամավորներ՝ Արմենուհի Կյուրեղյանի և Tigran Abrahamyan -ի հետ այցելել ենք ՀՀ քննչական կոմիտեի, զինվորական գլխավոր վարչություն:


«Այս պահին միջնորդություն ենք ներկայացնում հերոս Մխիթար Գալեյանի հայրիկի՝ Գարիկ Գալեյանի, խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:


Փառք ու պատիվ հերոսներ լույս աշխարհ բերած ծնողներին, հավերժ փառք մեր ընկած եղբայրների հիշատակին:

հ.գ. Գարիկ Գալեյանը ինքնազգացողության վատթարացման պատճառով այս պահին տեղափոխվել է հիվանդանոց»:

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն հայտնում է, նախնական տվյալներով, 2022թ. մայիսի 17-ին՝ ժամը 14:05-ի սահմաններում, մի խումբ անձինք, սահմանված կարգի խախտմամբ, մուտք են գործել ՀՀ ՊՆ N զորամասի տարածք, որի ընթացքում չենթարկվելով զորամասի տարածքը լքելու՝ զորամասի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, գնդապետի օրինական պահանջին, ծառայողական պարտականությունները կատարելու կապակցությամբ, հայհոյել են, քաշքշել և բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ պլաստմասե շշով հարվածելով դեմքին:

Նախաքննության ընթացքում իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են իշխանության ներկայացուցչի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրած և ծանր վիրավորանք հասցրած անձանցից երեքի ինքնությունը, ովքեր Գարիկ և Արթուր Գալեյան եղբայրներն են, ինչպես նաև՝ քաղաքացի Ազգուշ Մարտիրոսյանը:

Նրանցից մեկը՝ Գարիկ Գալեյանը, ձերբակալվել է և ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327.6-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 137.1-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով:

Վարույթն իրականացնող մարմինը Արթուր Գալեյանին ձերբակալելու որոշում է կայացրել, որը կատարման նպատակով ուղարկել է հետաքննության մարմնին: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու և նախաքննական մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել