Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբերը վաղ առավոտից գտնվում են ոստիկանության բաժանմունքներում բերման ենթարկված անձանց իրավունքների իրացման խնդիրները վերհանելու և պաշտպանությունն ապահովելու համար։ Հայտնում է ՄԻՊ-ը։

Մինչ այս պահը ԶԼՄ հրապարակումների և տեսանյութերի ամփոփման արդյունքում Պաշտպանն արձանագրում է, որ մի շարք դեպքերում ոստիկանության ծառայողների կողմից բերման են ենթարկվում նաև առերևույթ հավաքին մասնակից չդարձած անձինք՝ ճանփեզրերից, մայթերից։

Պաշտպանի դիտարկմամբ անընդունելի է համատարած ակցիայի իրականացման վայրից կամ դրան հարող տարածքից անձանց ազատությունը սահմանափակելու գործելաոճը։ Մյուս կողմից, ակցիաների մասնակիցները պարտավոր են կատարել ոստիկանության ծառայողների հասցեական ու հստակ պահանջը՝ խուսափելով վարչական ձերբակալումից։

Միաժամանակ, պետք է նշել, որ այսօրվա մինչ այս ժամի մշտադիտարկմամբ ակնհայտ է, որ որոշ դեպքերում ոստիկանության ծառայողների կողմից ճանապարհների երթևեկելի մասն ազատելու պահանջից հետո ակցիաների մասնակիցներին տրամադրել են ողջամիտ՝ 5 րոպե ժամանակ այն կատարելու համար, և ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նման դեպքերում հիմնականում անձանց վարչական ձերբակալման անհրաժեշտություն չի առաջանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել