Armenpress.am-ը գրում է․

ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը վստահեցնում է, որ ընդդիմության ակցիաների համար Ոստիկանությունը հատուկ միջոցներ չի կիրառել՝ բացառությամբ մեկ դեպքի. Երևանը և որևէ պետական կառույց պարալիզացված չեն:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ֆիդանյանն այս մասին ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հետաքրքրվեց, թե արդյոք Երևանը պարալիզացվա՞ծ է, ինչի մասին խոստացել, հորդորել էր ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

«Բնականաբար, ոչ քաղաքը, ոչ որևէ պետական կառույց պարալիզացված չեն: Ոստիկանությունը հստակ իրականացնում է իր գործառույթները: Եվ պատվով պետք է նշեմ, որ մինչև օրս իրականացված բոլոր գործողությունները, դրանց զգալի մասն իրականացվել են օրենքի շրջանակներում»,- ասաց Ֆիդանյանը:

Նա ընդգծեց՝ արդեն մոտ 20 օր է, ինչ անհնազանդության գործողություններ են իրականացվում, սակայն վստահեցրեց, որ Ոստիկանության կողմից գեթ մեկ անգամ չի կիրառվել որևէ հատուկ միջոց՝ բացառությամբ մեկ դեպքի: «Այդ հատուկ միջոցներն էլ եղել են ընդամենը վահանները: Որևէ հատուկ միջոց Ոստիկանությունը չի կիրառել»,- ասաց ՀՀ փոխոստիկանապետը՝ անդրադառնալով տեսակետներին, թե  Ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառում:

Հայաստանում ընդդիմադիրներն օրեր շարունակ բողոքի տարբեր ակցիաներ են իրականացնում ՝ իշխանափոխության նպատակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել