Tert.am-ը գրում է․

Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդության լուծումը հետաձգվել է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը։

«Պարզվում է, որ Գլխավոր դատախազությունից ձերբակալման միջնորդությունն ուղարկվել է Զինվորական դատախազություն, այնտեղ ստացել են և, ըստ Զինվորական դատախազության, երեկ առձեռն ուղարկվել է և՛ փաստաբաններին, և’ Քննչական վարչություն։ Սակայն նոր մենք քննիչից պարզեցինք, որ ինքը ձերբակալման միջնորդությունը դատախազությունից չի ստացել այն դեպքում, երբ առձեռն են ստացել, հիմա ծնողները ինչո՞ւ չվրդովվեն»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավվելու միջնորդությանը, փաստաբանը նշեց, որ միջնորդությունը հետաձգվել է և դա է առաջացրել ծնողների դժգոհությունը։

«Եթե Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին մյուս դիմումներում բազմաթիվ հանգամանքներ էին նշված և դրանով պետք էր, որ քննություն իրականացվի, ապա իրենց դեպքում իրենց դիմումը վերաբերում է միայն Փաշինյանի կողմից ապրիլի 13-ին արված հայտարարությանը։ Ըստ ծնողների՝ Նիկոլ Փաշինյանը տվել է խոստովանական ցուցմունք և դրա համար լրացուցիչ պարզաբանման որևէ հանգամանք չկա։ Փաշինյանի հայտարարության մեջ առնվազն կասկած առկա է և նա պետք է ձերբակալվեր հարցաքննվեր և հայտներ իր հիմնավորումները։ Այսօր պարզեցինք, որ Փաշինյանը չի էլ հարցաքննվել, ու սա էլ դժգոհության ալիք է բարձրացրել ծնողների մոտ։ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդության լուծումը հետաձգվել է, ձերբակալելու և հարցաքննելու միջնորդությունները չեն հետաձգվել, սակայն գործողություններ էլ չեն իրականացվում»,- ասաց Հովհաննիսյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել