168.am-ը գրում է.

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացել է հաշմանդամային բազկամարտի Եվրոպայի 24-րդ առաջնությունը, որին մասնակցել են նաև Հայաստանի ներկայացուցիչները:

Հայաստանի բազկամարտի հավաքականի մարզիկները 11 ոսկե, 5 արծաթե և 6 բրոնզե մեդալ են նվաճել: Հայաստանի բազկամարտի հավաքականի կազմում ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի մարզիկները թիմային հաշվարկով զբաղեցրել են երկրորդ հորիզոնականը` առաջ անցնելով Թուրքիայի հավաքականից։ Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանի խոսքով՝ արդյունքներն առավել քան գոհացնող են:

«Բավականին լուրջ արդյունքներ ենք գրանցել: Մեր մարզիկները մասնակցել են գրեթե բոլոր դասակարգումներում, տարբեր քաշային կարգերում` աջ և ձախ ձեռքով»,- ասում է Սարգիս Ստեփանյանը և ընդգծում՝ առաջնության մասնակիցներից 6-ը հաշմանդամություն են ձեռք բերել Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում: Ֆեդերացիայի նախագահը փաստում է, որ հատկապես ուրախացրել է Սարգիս Հարությունյանի գրանցած արդյունքը. «Սարգիսը, որն Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում է հաշմանդամություն ստացել, աջ ձեռքի մրցումում ոսկե մեդալ նվաճեց՝ եզրափակիչում առավելության հասնելով Թուրքիայի ներկայացուցչի նկատմամբ: Երկար տարիներ է, ինչ մրցակիցը մարզվում է ու բավականին փորձառու է»:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի և ֆեդերացիայի աջակցությամբ Հայաստանի բազկամարտի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությանը 14 մարզիկ է մասնակցել: Մարզիկներն արդեն Երևանում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել