Lurer.com-ը գրում է.

Կառավարությունը չզեկուցվող նախագծով պահուստային ֆոնդից 333 մլն 600 հազար դրամ հատկացրեց ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը։ Նախագծում որպես հիմնավորում նշված է, որ գումարի հատկացման արդյունքում ԱԱԾ-ն առավել արդյունավետ կիրականացնի ծառայության առջև դրված խնդիրների լուծման աշխատանքները: Թե ինչ խնդիրների մասին է խոսքը` նախագծում նշված չէ:

Գաղտնիք չէ, որ ստեղծված իրավիճակում Նիկոլ Փաշինյանի հենարանները այնքան էլ շատ չեն, դրանցից մեկը հենց ուժայիններն են, որոնց ստվերի տակ և որոնց օգնությամբ էլ Փաշինյանը հույս ունի պահպանել իշխանությունը: Դրանով է պայմանավորված վերջին մեկ տարվա ընթացքում ուժայիններին՝ ոստիկանությանը, դատախազությանը, ԱԱԾ-ին պարբերաբար տրվող ֆինանսական ահռելի միջոցները: Ըստ էության, իր ուժային հենարանը Փաշինյանը պահում է հենց ֆինանսական շահագռգռման, ասել է թե՝ փողի օգնությամբ:

Մյուս հենարանը դատարաններն են, որոնք այս օրերին ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների կալանավորման որոշումներ են դակում և հակառակը՝ ազատում են նրանց, ովքեր որ իշխանության համար յուրային են: Դատարաններին լոյալ պահելու Փաշինյանի միջոցը, թերևս, կոմպրոմատներն են և շանտաժը: Մամուլը բազմիցս էր գրել, որ իշխանությունները մի ամբողջ դոսյե են հավաքել տարբեր դատավորների վրա և վերջիններս ճարահատյալ դակում են իշխանությունների ցանկացած ցանկություն: Թե որքանով է այս իրավիճակը խոսում երկրում կայացած արդար և անկախ դատական համակարգի մասին՝ լրիվ այլ հարց է:

Փաշինյանի երրորդ հենարանը ԱԺ-ում ունեցած քաղաքական մեծամասնությունն է, ում, ինչպես  օրերս ակնարկեց Փաշինյանի նախկին թիմակից Արսեն Ջուլֆալակյան Փաշինյանը իր կողքին է պահում սեռական և ֆինանսական բնույթի կոմպրոմատներով: Սակայն, ՔՊ ֆրակցիան իր բնույթով այնքան էլ վստահելի հենարան չէ, քանի որ միատարր չէ և կազմված է տարբեր թևերից, բացի ՔՊ քաղաքական թևից՝ Փաշինյանին լոյալներից, այստեղ կարելի է գտնել նաև ազգային թև, սորոսականների թև և այլն: Բնական է, որ նրանք իրենց հերթին գործելու են պահի քաղաքական նպատակահարմարությունից ելնելով:


Ինչ վերաբերվում է միջազգային աջակցության, այսպես կոչված՝ դրսի հենարանների վրա, ապա կարող ենք փաստել, որ այս պահի դրությամբ որևէ ուժային կենտրոն իր բացահայտ և հրապարակային աջակցությունը Փաշինյանին չի հայտնել: ՌԴ-ն հայտարարեց, որ տեղի ունեցող պրոցեսները ցանկալի է կարգավորվեն կարճ ժամանակահատվածում և խաղաղ, իսկ ԱՄՆ Պետդեպարտամենտը իր հերթին օրենքին հետևելու կոչ է հղում թե՛ ընդդիմությանը, թե՛ Փաշինյանին: Տարակուսելիորեն լռում է նաև Հայաստանում սորոսական համայնքը և նրանց աջակցությունը Փաշինյանին կրում է էպիզոդիկ բնույթ:

Կարող ենք փաստել, որ այսօրվա դրությամբ, հեղափոխությունից չորս տարի անց Նիկոլ Փաշինյանի հենարանները ապահովվում են միայն փողի և տարատեսակ կոմրոպատներ գործի դնելու միջոցով...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել