Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Նիդեռլանդների միջազգային հարաբերությունների ինստիտուտում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ հայտարարելով, որ ««անհիմն մեղադրանքները» (չակերտները՝ Tert.am) կասկածի տակ են դնում այս երկրի խաղաղության ձգտումը»:

Այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան.«Նիդեռլանդների Քլինգենդայլ միջազգային հարաբերությունների ինստիտուտում ելույթի ժամանակ Ադրբեջանի հասցեին հնչեցված «անհիմն մեղադրանքները» (չակերտները՝ Tert.am), այդ թվում՝ հումանիտար հարցերում, վկայում են այն մասին, որ Հայաստանի ղեկավարության դիրքորոշումը հեռու է անկեղծությունից՝ հարաբերությունների կարգավորման հարցում...

Եռակողմ հռչակագրի ստորագրումից մինչ օրս ականների պայթյունից զոհվել է 219 մարդ, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ են։ Ցավոք, մեր քաղաքացիները պարբերաբար զոհվում են ականներից, նաև այն բանից հետո, երբ հայկական կողմը տրամադրեց քարտեզներ, երկու պետությունների ղեկավարների բրյուսելյան հանդիպումից հետո...

Նման պայմաններում Հայաստանի վարչապետի մեղադրանքները, թե Ադրբեջանը մարդասիրական քայլեր չի ձեռնարկում, հայազգի կալանավորված անձանց չի վերադարձնում, «անտեղի ու անհիմն են» (չակերտները՝ Tert.am)...

Սակայն այն փաստը, որ Հայաստանի վարչապետը շարունակում է «անհիմն մեղադրանքներ» (չակերտները՝ Tert.am) հնչեցնել Ադրբեջանի հասցեին, լրջորեն կասկածի տակ է դնում այս երկրի՝ հանուն խաղաղության գործելու ցանկությունը»,- ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ, ըստ azatutyun.am-ի, Նիդերլանդներում հանդիպման ընթացքում Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ վերջին հանդիպումից մանրամասներ է գաղտնազերծել։ Ըստ նրա` Ալիևը խոստացել էր գերիների ևս մի խմբի ազատ արձակել և ուղարկել Երևան, սակայն դա այդպես էլ տեղի չունեցավ. «Առնվազն 38 գերեվարված անձինք շարունակում են մնալ Ադրբեջանում, և փորձ է արվում անընդհատ տարբեր թեմաներով առևտրի առարկա դարձնել այդ գործընթացը, իմիջիայլոց ասեմ` վերջին անգամ հենց Եվրամիության խորհրդի նախագահի ներկայությամբ Ադրբեջանի ղեկավարը խոստացավ, որ գերիների հերթական խմբին ազատ կարձակի, բայց մինչև օրս դա տեղի չի ունեցել: Խաղաղության մասին խոսել` արհամարհելով հարցի հումանիտար կողմը, մենք գործնականում դա ցույց ենք տվել և ներսում շատ լուրջ քննադատության ենք արժանացել, թե ինչու եք դուք քարտեզները տալիս»:

Երևանը դատապարտելի է համարում մարդկանց քաղաքական նպատակներով օգտագործելը, ասել է Փաշինյանը` հիշեցնելով, որ հենց այդպես վարվեց Բաքուն, երբ փորձեց գերիներին դարձնել առևտրի առարկա՝ ստանալու ականպատ դաշտերի քարտեզները. «Մենք մեր ունեցած բոլոր քարտեզները փոխանցեցինք Ադրբեջանին` հույս ունենալով, որ հումանիտար քայլին կհետևի հումանիտար քայլ»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել