168.am-ը գրում է․

Մայիսի 8-ին 168.am տեղեկացրել էր, որ դեպի Գյումրի ճանապարհին՝ Հոռոմի խաչմերուկի մոտ, իշխանությունների կազմակերպած սադրանքներին մասնակցել էր նաև Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի անդամ, ով ներկայացել էր՝ որպես այդ կուսակցության անդամ, նախկին ոստիկան: Լրագրողներն անգամ հարցեր էին ուղղել նրան, որին նկատել էին դեռևս Գյումրի տանող ճանապարհին՝ Հոռոմի խաչմերուկում կազմակերպված սադրանքի գործողությունների ժամանակ:

Հիշեցնենք, որ իշխանությունները սադրիչ խմբեր էին կենտրոնացրել Գյումրի տանող ճանապարհին՝ Հոռոմի խաչմերուկում, որոնք խոչընդոտում էին, որպեսզի ընդդիմության նախապես հայտարարված ավտոերթի մասնակիցները չկարողանան հասնել Գյումրի: Սադրիչ խմբերին կոորդինացնում էր Նիկոլ Փաշինյանի կուսակցության ներկայացուցիչ, նախկին ոստիկան ներկայացող Թաթուլ Ասիլյանը, որը համաժողովրդական պայքարի գրեթե բոլոր ակցիաներին որոշ խմբերի հետ սադրանքներ է հրահրում:

Նա ներկա է եղել ընդդիմության և Վանաձորի ակցիաների ժամանակ, ինչպես նաև Երևանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի և այլ ակցիաների ժամանակ:

Ֆեյսբուքում Թաթուլ Ասիլյանը իր էջում ինքնախոստովանական տեսանյութեր էր ներկայացրել, որոնցում ակնհայտորեն երևում են նրա գործողությունները:

Ի դեպ, նա ինքն իրեն նաև ներկայացնում է՝ որպես իշխող թիմի, վերնախավի ներկայացուցիչ: Հավելենք, որ նշյալ անձի ուղիղ հրահանգով Ֆեյսբուքում կեղծ օգտատերերի միջոցով տարածվում են սադրող այդ տեսանյութերը:

Ինչևէ, Գյումրու հանրահավաքի ավարտից քիչ անց Թաթուլ Ասիլյանին նկատել են Գյումրու քաղաքապետարանի հրապարակի մոտ գտնվող «Ամերիա» բանկի բանկոմատի մոտ գումար հանելիս:

168.am-ը հրապարակել էր լուսանկարներ, նշել ժամը և վայրը:

Թե ի՞նչ գումար էր, և ի՞նչ նպատակով ու ի՞նչ ծառայության դիմաց էր ՔՊ-ական սադրիչը գումար տալիս լուսանկարի տղամարդուն, պետք է պարզեին իրավապահները: Տարածքում բազմաթիվ տեսախցիկներ կան, և ցանկության դեպքում ոստիկաններն ու դատախազությունը, նաև Ազգային անվտանգության ծառայությունը րոպեների ընթացքում կարող էին նույնականացնել գումար վերցնող և տվող տղամարդկանց:

Այսօր՝ այդ հրապարակումներից 3-4 օր անց, դատախազությունը որևէ կերպ չի անդրադարձել դրանց:

Ավելին, մեր հարցին՝ ի՞նչ միջոցառումներ է ձեռնարկել Գլխավոր դատախազությունը այդ հրապարակումների ու ինքնախոստովանական տեսանյութերի վերաբերյալ, պատասխանեցին՝ չեն մեկնաբանում:

Դատախազությունը, իհարկե, առանց մեր հարցման էլ մոնիտորինգ իրականացնում է, և բնական է, շատ լավ իրազեկված են նշված ու այլ դեպքերից, իսկ արձագանքի ու գործողությունների բացակայությունը վկայում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի աջակիցների հակաիրավական գործողություններն անքննելի են:

Մի բան հստակ է. երբ հարցը վերաբերում է իշխանական սադրիչներին, ենթադրյալ գումար բաժանողներին ու ծանր վիրավորանքի սուբյեկտներին, դատախազությունը դառնում է խուլ, համր և անգործունակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել