168.am-ը գրում է․

Հայ ժողովուրդը մայիսի 9-ին տոնում է եռատոնը՝ Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: 1992 թ. մայիսի 7-ի երեկոյան հայկական ջոկատները շարժվում էին դեպի Շուշի: Շոշից էր սկսվում գրոհի արևելյան ուղղությունը, որը ղեկավարում էր ԼՂ ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը:

Արդյոք մեզ հնարավորություն կտրվի՞ Եռատոնի խորհուրդը վերականգնել, արդյոք կկարողանա՞նք վերաազատագրել Շուշին՝ այս հարցերի պատասխանները 168.am-ը լսեց գնդապետ, Արցախի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանից (Ագո):

Հրամանատարը պատասխանից առաջ նկատեց՝ հարցը պետք է ձևակերպել, քանի որ լեզվամտածողությունն է պահանջում. «Դուք ասում եք՝ նորից կտրվի՞ հնարավորություն, մինչդեռ այդ հնարավորությունը մենք պետք է ստեղծենք. մեզ ոչ ոք չի տալու: Մենք պետք է ձգտենք, անենք, իսկ որոշում կայացնողն Աստված է»:

Արկադի Կարապետյանի կարծիքով՝ այս պահին հայ ժողովուրդը ճգնաժամի մեջ է, որը հնարավորություն կտա նորովի արժևորել պատմությունը, իրողությունները, վերագնահատել արվածը:

«Ճգնաժամը ճգնելու ժամն է. այժմ ճգնելու ժամ է, սակայն չենք ճգնում՝ շատերն ուզում են անհոգ ապրել, ու ինչ-որ մեկը Շուշին մեզ տա. ոչ ոք չի՛ տալու:

Մենք պետք է հասկանանք՝ որն է մեր առաքելությունը, նպատակը, խնդիրը»,- նշեց նա՝ նկատելով, որ անհրաժեշտ է գաղափարախոսություն:

Հարցին՝ արդյո՞ք այն շարժումը, որը ձևավորվել է այսօր Հայաստանում, կորցրածը հետ բերելու հնարավորություններից մեկն է, Արկադի Կարապետյանը պատասխանեց. «Դա էլ ինչ-որ քայլ է, բայց այդտեղ ահագին բան պետք է մաքրվի: Առհասարակ, մեր հասարակությունն իրեն պետք է վերանայի:

Այդ շարժման մեջ շատ մարդիկ կան, որոնք լավ բան են ուզում, և այդ ուզելը հենց այնպես չի անցնելու: Մենք առաքելություն ունենք այս աշխարհում. հենց այնպես ազգ չենք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել