Երկուշաբթի՝ մայիսի 2-ին, ԱԳՆ-ն տեղեկություն տարածեց նախարար Արարատ Միրզոյանի` պաշտոնական այցով ԱՄՆ մեկնելու մասին։ Նույն օրը երեկոյան հետեւեցին USAID-ի ղեկավար Սամատա Փաուերի, պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ կայացած հանդիպումների մասին հաղորդագրությունները: Մայիսի 3-ին հաղորդվեց պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ հանդիպման մասին:

Անձամբ ես նույնիսկ չհասկացա` Արարատ Միրզոյանի այցը Հնդկաստան ավարտվեց, նա վերադարձավ Հայաստան, հետո՞ մեկնեց ԱՄՆ, թե՞ Հնդկաստանից է ԱՄՆ ուղեւորվել: Ամեն պարագայում տեսանելի է, որ Միրզոյանի` ԱՄՆ հասնելուն զուգահեռ, գուցե նույնիսկ հասնելուց հետո է այցի մասին պաշտոնական հաղորդագրությունը տարածվել: Մինչդեռ սովորաբար այցերի մասին հաղորդվում է նախապես: 

Իսկ այս այցն ավելի քան ուշագրավ եւ կարեւոր է, եթե հիշենք, թե երբ է վերջին կամ նախավերջին անգամ ՀՀ ԱԳ նախարարն ԱՄՆ այցելել: 2018-ի օխլոկրատիկ իշխանազավթումից առաջ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը վերջին անգամ ԱՄՆ-ում եղել էր երեւի Օբամայի վարչակազմի օրոք: Փաշինյանի` իշխանություն զավթելուց հետո, որքան էլ ռուսական շրջանակներն ու դրանց հայաստանյան մետաստազները փորձեն Փաշինյանին որպես ԱՄՆ նախագիծ ներկայացնել, փաստ է, որ Փաշինյանը որեւէ անգամ ԱՄՆ չի հրավիրվել, փոխարենը տարին մի քանի անգամ Կրեմլ է այցելել: Մի անգամ նույնիսկ ասել էր, թե այնքան է Կրեմլում եղել, որ արդեն չի հիշում, թե վերջին անգամ դա երբ է եղել: 

Փաշինյանից այն կողմ, 2018-ից ի վեր միակ բարձրաստիճան պաշտոնյան Փաշինյանի իրար հաջորդող կառավարություններից, որ մինչ այժմ հրավիրվել էր ԱՄՆ, նախկին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն էր` 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ: Նա ԱՄՆ մեկնեց 2020-ի հոկտեմբերի 23-ին, հոկտեմբերի 25-ին վերջին անգամ հայտարարվեց պատերազմում հրադադարի մասին եւ զուգահեռաբար` հոկտեմբերի 29-ին Ժնեւում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ղարաբաղյան հակամարտության կարգավորման քայլերն ու ժամանակացույցը հայտարարելու մասին: Իրերի այդ դրությամբ պատերազմի որեւէ արդյունք չէր ամրագրվում, Ադրբեջանի հսկողության ներքո ոչինչ չէր անցնում, այլ ռազմական գործողությունները դադարում էին, այնուհետ Մինսկի խմբի հովանու ներքո, ըստ ստորագրված ժամանակացույցի, կատարվում էին տարիներ շարունակ բանակցված քայլերը` ներառյալ Ադրբեջանին շրջաններ հանձնելը, ԼՂ կարգավիճակը հստակեցնելը եւ այլն: 

Հոկտեմբերի 29-ին ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները Ժնեւ չմեկնեցին, այնտեղ հանդիպեցին հաջորդ օրը, սակայն քայլերի ու ժամանակացույցի մասին ոչինչ չհայտարարվեց, եւ Ռուսաստանի դուդուկի ներքո զարգացումները հասան նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի ակտին:

Այժմ՝ 2020-ի հոկտեմբերից ի վեր առաջին անգամ ՀՀ ԱԳ նախարարը վերստին ԱՄՆ-ում է, ընդսմին՝ արմատապես փոխված միջազգային իրադրությունում: Ամենաէական տեղաշարժը Հայաստանի համար այն է, որ ԱՄՆ-ն այժմ ակտիվ ներգրավված է Հարավային Կովկասի գործընթացներում, ինչի արդյունքում Ադրբեջանի նոր ռազմական սադրանքները եւ տարածաշրջանի ապակայունացումը բացառված են:  Ինչպես տեսանք, մի անգամ՝ փետրվարին, թե մարտին, փորձեցին ռուսների հետ համագործակցությամբ Արցախի մի սահմանային գյուղի տարածքում առաջանալ, նույնիսկ այդտեղ սաստվեցին եւ մնացին տեղում: Ադրբեջանը հասկանում է, որ իրեն գոյություն տված եւ սնող ռուս-թուրքական տանդեմի աստղը մարում է, դեռ չգիտես՝ նրանցից յուրաքանչյուրի ապագան Ուկրաինայի պատերազմից հետո ինչպես կդասավորվի, այնպես որ, ճիշտ կանի՝ քիչ ինքնացուցադրվի: 

Փոխարենը՝ ԱՄՆ-ից պետքարտուղար Բլինկենը շատ բաց հայտարարեց այն մասին, ինչը Հարավային Կովկասում ռազմական էսկալացիան կանխող որոշիչ գրավականն էր 2016-ի ապրիլյան բախումից ի վեր` ԱՄՆ-ն շփումների մեջ է հայկական եւ ադրբեջանական կողմերի հետ` բացառելու իրադրության լարումը: Մի անգամ ԱՄՆ-ն այդ ուղեգծից շեղվեց Թրամփի էքսցենտրիկության, անպատասխանատվության ու բիզնես-հաշվարկների պատճառով` արդյունքը եղավ 44-օրյա պատերազմը: Այժմ, փառք Աստծո, ոչ միայն ամեն ինչ վերադարձել է իր հուն, այլեւ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման արդյունքում առավել անհրաժեշտ է դարձել, որ ռուսները, թուրքերը եւ հատկապես այդ երկուսի պոչ Ադրբեջանը չփորձեն Հարավային Կովկասում իրադրություն ապակայունացնել: 

Այնպես որ, այժմ դիմակայությունը դիվանագիտական դաշտում է, որտեղ Ադրբեջանը ո՛չ երբեւէ առանձնապես աջակիցներ է ունեցել, ո՛չ էլ առանձնակի արդյունքի է հասել: Ներկա դրությամբ Հայաստանի շահերից է բխում այն, որ Ռուսաստանի եւ Եվրամիության կողմից ավելի փոխբացառող, քան փոխլրացնող հայտարարությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նույն` սահմանագծման-սահմանազատման օրակարգով եռակողմ հեղհեղուկ ձեւաչափերի մասին, էֆեկտիվորեն կաթվածահարել են դրանց իրագործումը: Իհարկե, Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանային խնդիրներն անհրաժեշտ է, որ դառնան բանակցությունների առարկա, բայց կարիք չկա, որ այդ բանակցությունները տան որեւէ արդյունք: Առհասարակ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ոչ մի շփում հարկ չկա, որ որեւէ արդյունքի հանգեցնի այնքան ժամանակ, քանի դեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո չի կարգավորվել ԼՂ հակամարտությունը:

Այժմ, քանի որ ԵՄ-ն էֆեկտիվորեն չեզոքացնում է Ռուսաստանի ծրագրերն ու քայլերը Հարավային Կովկասում, գրեթե հայելային կերպով իր կողմից դրանք կրկնելով, ԱՄՆ-ն լիակատար ազատություն է ստանում տարածաշրջանային ներգրավման համար: Դատելով այն հանգամանքից, որ Միրզոյանի այցի ընթացքում Հայաստանի հետ առաջին հերթին միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության հուշագիր է ստորագրվել, ԱՄՆ-ն Հայաստանի էական տնտեսական ենթակառուցվածքներում մեծ ներգրավման ծրագրեր ունի: Ռուսաստանը Թուրքիայի հետ է միջուկային համագործակցություն զարգացնում (որ ռուս-ուկրաինական պատերազմի շնորհիվ, բարեբախտաբար, մնաց օդում), իսկ ԱՄՆ-ն` Հայաստանի: Երեւում է, չէ՞, ով ում բարեկամն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել