«Հրապարակի» զրուցակիցը ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթեւոսյանն է:

- Ասում են` հիմա մեր հասարակությունն առաջվանը չէ, շատ է փոխվել: Դուք աշխատում եք նաեւ երիտասարդ սերնդի հետ: Ի՞նչ է փոխվել մարդկանց մեջ:

- Խորհրդային տարիների հասարակությունը մի քիչ ավելի հասկացող էր: Երբեք չեմ եղել որեւէ մեկի վրա քար նետող մարդ: Չեմ սիրում նման անհատականություններին: Ես երբեւէ չեմ եղել այդպիսին: Կուզեի ամեն վատ բան մեզնից վանեինք այսօր:

- Իսկ ինչո՞վ էր պայմանավորված, որ նախկինում մարդիկ ավելի հասկացող էին:

- Ինտելիգենցիան էր առաջատար…. իր կարծիքով, տեսակով, պահվածքով: Հիմա մտածող մարդիկ սպիտակ ագռավ են դիտարկվում, իսկ ինտելիգենտ մարդը ոչ մեկին հարկավոր չէ: Ես կուզեմ, որ մեզանում լավը վերականգնվի, անկախ նրանից, թե ինչպիսի ժամանակներում ենք ապրում: Կարող են բազմատեսակ քաղաքական երեւույթներ ի հայտ գալ, կարող է երկրի կարգավիճակ փոխվել, բայց մարդը պետք է ապրի: Ի՞նչ է նշանակում՝ նախկին եւ ներկա, կա կյանք, որը պետք է ճիշտ հասկանալ, որի համար պետք է պայքարել, իսկ պայքարել՝ նշանակում է առողջ մտածել:

- Գաղտնիք չէ, որ մեր հասարակությունը վերջին տարիներին խիստ քաղաքականացված է դարձել: Դժվար չէ՞ նման հասարակության մաս լինելը:

- Բացթողումների դեպքում միշտ էլ այդպես է լինում: Այսօր բոլորը կարծում են, բայց դա կարծիք չէ, կարծիքը լինում է մասնագետինը, գործի գիտակինը, կամ գոնե կարծիք կարող է ունենալ այն մարդը, որն ապրած կյանք ունի, անցել է փորձությունների միջով, հաղթահարել դրանք, կարողացել է տարանջատել չարն ու բարին, ընկալել լավն ու վատը: Ես շատ կուզեմ, որ բարին հաղթի… բանականությունն էլ առաջնային լինի: Անձի վիրավորվածությունն իրավունք չի տալիս սխալ ենթադրություններ անելու եւ սխալ կարծիք հայտնելու:

- 44-օրյա պատերազմից հետո շատ է խոսվում Արցախի հայկական լինել-չլինելու մասին: Հետաքրքիր է` Դուք ի՞նչ եք կարծում, Արցախը Ձեզ համար հայկակա՞ն է:

- Ծիծաղելի է ուղղակի: Արցախը հայկական չհամարողները երեւի գիրք չեն կարդացել, դրա համար էլ չգիտեն: Ո՞նց կարելի է Արցախը համարել ոչ հայկական: Ո՞վ է այդ հիմարը, որ Արցախի հայկական չլինելու հարցը շրջանառության մեջ է դրել: Ես նույնիսկ այդ խոսքերը կրկնել չեմ ցանկանում: Արցախը մեր պատմական հայրենիքն է, որն ունեցավ պետականություն, հետո կորցրեց այն, նույնիսկ հայտնվեց Ռուսաստանի կազմում: Դժբախտաբար, 20-ականներին Հայաստանի վիճակը բարվոք չէր, մարդիկ, ովքեր ղեկավարում էին խորհրդային երկիրը, հասկացան դա, մասնատեցին Արցախը Հայաստանից, նվիրելով այն որոշ հարեւանների: Սա չար ու սխալ, ահավոր մի երեւույթ էր, որն իր հետ բերեց մի շարք դժվարություններ: Մենք իրավունք չունենք այսօր կասկածի տակ դնել Արցախի հայկական լինելը:

- Հայաստանի վարչապետը, կարծես, Արցախի հայկական լինելը կասկածի տակ է դնում:

- Ես այսօրվա հետ գործ չունեմ: Ես նախկինում եմ ապրել, հիմա էլ ապրում եմ նախկինի հպարտությամբ:

- Իսկ այսօրվա հետ ինչո՞ւ գործ չունեք:

- Այդ հարցերը պետք է հասցեատիրոջը տալ: Ես պատասխան չունեմ: Հարգում եմ պետությունն ու պետականությունը: Չեմ ցանկանում իմ խոսքով ո՛չ գովաբանել եւ ո՛չ էլ փնովել ինչ-որ մեկին: Ո՛չ դատաստան տվողն եմ ես, ո՛չ էլ շքանշան, ես գործ չունեմ…. Դա իմ գործը չէ: Այդ մասին պետք է խոսեն մասնագետները, որոնք իրավունք ունեն: Ես բավարարվում եմ Ձեր գրածներով: Ինձ համար Արցախը գիտակցություն է, միշտ էլ շատ եմ սիրել: Անցյալում էլ ես այն եզակիներից եմ եղել, ով Արցախում շատ հաճախ է հայտնվել, համերգային գործունեություն ծավալել:

- Բայց մի՞թե մշակութային գործիչն իրավասու չէ խոսել երկրի մասին, կանգնել հասարակության կողքին….

- Ես հասարակության կողքին միշտ էլ եղել եմ: Այսօր, դժբախտաբար, առողջական խնդիրների պատճառով չեմ կարողանում էմոցիոնալ դաշտ մտնել, այն կարող է անցանկալի հետեւանքներ ունենալ:

- Վերջերս էլ, երբ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանի հետ Դուք եւ էլի որոշ մշակութային գործիչներ հանդիպում ունեցաք, հասարակության ինչ-որ շերտի պարսավանքին արժանացաք: Ինչո՞ւ:

- Ալեն Սիմոնյանն այդ ընթացքում հանրապետության նախագահի տեղապահն էր, եւ նրա հրավերով, մի քանի արվեստագետների հետ միասին, ես եւս գնացի այդ հանդիպմանը: Ես ավելի շատ եղել եմ ունկնդրի դերում: Խոսողները շատ չէին, իրենց պահանջներն ասացին եւ վերջ: Որեւէ մեկը չէր գնացել խնդրելու, որպեսզի մեզ Ալեն Սիմոնյանն ընդուներ: Ես ինձ ուղղված պարսավանքի խոսքերը չեմ կարդում, ինտերնետից չեմ օգտվում, բամբասանքներն ինձ բոլորովին չեն հետաքրքրում: Կարեւորն այն էր, որ այդ հանդիպումը դրական տեղաշարժերի հանգեցրեց: Հանրային հեռուստաընկերությամբ կրկին եթեր է հեռարձակվում «Երգ երգոց» նախագիծը, որը շատ հաճելի է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել