Վտանգավոր ծուղակ

Իշխանական պատգամավորների խորհրդարանական ելույթներում կարմիր թելի պես երկու հիմնական միտք է անցնում՝ մեկը ընդդիմությանը հարկատուների փողերի մսխման մեջ մեղադրելու թեզն է՝ իբր խորահրդարան չգալու հիմնավորմամբ, երկրորդը բիրտ ուժի կիրառման սպառնալիքն է՝ նույն ընդդիմությանն իբր խելքի բերելու ցանկությամբ: Օրինակ՝ նույն ՔՊ-ական Ալեքսանյան Վահագի, Ջուլհակյան Արուսիկի կամ Կիրակոսյան Լիլիթի և մյուսների վերջին ելույթների հիմնական մեխն այս երկու գաղափարներն են, ինչն, իհարկե, ոչ թե նրանց քաղաքական մտքի թռիչքի արգասիք է՝ նկատի ունենալով ՔՊ-ի կառավարման էսեմեսյան մեթոդներն, այլ՝ վերևից թելադրված թեզեր, որ բացահայտում են իշխանություններին պատած դեռևս ծածուկ պահվող խուճապը:

Ո՞րն է իշխանությունների բուն նպատակը, քաղաքացիական բախումնե՞ր հրահրելը՝ խիստ անցանկալի զարգացումներով, թե՞ ուժի սպառնալիքի կիրառմամբ ընդդիմությանը ստիպելը՝ գնալու երկխոսության ճանապարհով՝ կամա-ակամա լեգիտիմացնելու այն հակահայկական օրակարգերը, որոնք հանձն է առել Նիկոլի թիմը:
Հաշվի առնելով այս իշխանությունների բնույթն ու հետապնդած իրական նպատակները՝ երկու տարբերակներն էլ միանգամայն հավանական են թվում. ապալեգիտիմացվելու դեպքում նրանք չեն վարանելու տոտալ կերպով բիրտ ուժի դիմել՝ երկիրը կանգնեցնելով աննախադեպ փորձության առաջ՝ լյուդովիկոսյան տխրահռչակ սկզբուքնից ելնելով, իսկ մյուս սցենարի համաձայն, որ թերևս առավել ցանկալի է թվում նրանց համար (եթե չեն կորցրել սեփական մեղսունակությունը), ընդդիմությանն իշխանական օրակարգի շուրջ երկխոսություն պարտադրելն է. դրանով Նիկոլը միանգամից «երկու նապաստակ է սպանում»՝ լեգիտիմացնելով սեփական օրակարգն ու հեղինակազրկելով ընդդիմությանը՝ հռչակած նպատակներին չհասնելու, դրանք իբր առևտրի առարկա դարձնելու հիմքով:

Իշխող խունտայի համար չկան ազգային շահեր, նրանց հատուկ չեն սթափ մտածելակերպը, քաղաքական պատասխանատվության դրսևորումը, ինչի վառ ապացույցը Նիկոլի հայտնի խոստովանությունն էր՝ պատերազմի ու դրա վերջնարդյունքի մասին:

Այս պարագայում թե՛ ընդդիմությունը, թե՛ հատկապես հանրությունը պետք է զգոն լինեն՝ ձախողելու իշխանությունների ծրագրերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել