Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Իսրայելում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անատոլի Վիկտորովին՝ նրանից պարզաբանումներ պահանջելու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարության վերաբերյալ, տեղեկացնում է newsru.co.il կայքը:

Լավրովն իտալական Mediaset հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, մասնավորապես, ասել էր.«Նա (Զելենսկին) առաջ է քաշում հետևյալ փաստարկը.«Ի՞նչ նացիզմ կարող մեզ մոտ լինել, երբ ես հրեա եմ»: Ես, եթե ճիշտ եմ հիշում, վախենում եմ սխալվել, բայց կարծես թե Հիտլերը ևս հրեական արյուն ուներ: Դա բացարձակապես ոչինչ չի նշանակում։ Եվ մենք վաղուց լսել ենք, որ իմաստուն հրեա ժողովուրդն ասում է, որ ամենամոլի հակասեմականները սովորաբար հրեաներն են: Ինչպես ասում են՝ գյուղ չկա, որ շուն չլինի...»:

Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդն ասել է, որ «Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հայտարարությունները ոչ միայն աններելի են և զայրացուցիչ, այլև սարսափելի պատմական սխալ: Հրեաներն իրենց չեն սպանել Հոլոքոստի ժամանակ: Հրեաներին հակասեմականության համար մեղադրելը հրեաների նկատմամբ ռասիզմի ամենացածր մակարդակն է»։

Բացի այդ, Լավրովի խոսքերը հրապարակավ քննադատել են Իսրայելի կապի նախարար Յոազ Հենդելը, էկոնոմիկայի փոխնախարար Յաիր Գոլանը, սոցիալական ապահովության նախարար Մեիր Քոհենը, Կնեսետի օրենսդրության հանձնաժողովի նախագահ Գիլադ Կարիվը, Յադ Վաշեմի հուշահամալիրի նախագահ Դանի Դայանը, Համաշխարհային սիոնիստական կազմակերպությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել