Աշխարհաքաղաքական արագ փոփոխվող միջավայրում կարեւոր է ամրապնդել մեր երկրների միջեւ բարեկամական հարաբերությունները, որպեսզի միասին կարողանանք հաղթահարել նոր մարտահրավերները եւ օգտվել հնարավորություններից, այսօր՝ ապրիլի 30-ին, Երեւանում ասաց Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին։

Նրա խոսքով՝ Երեւան այցի ընթացքում ինքը հնարավորություն ունի հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։

«Պարոն Միրզոյանի հետ մանրամասն քննարկել ենք տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներն ու մարտահրավերները, այդ մարտահրավերների հաղթահարմանն ուղղված մեր համատեղ ջանքերը։ Վրաստանը միշտ աջակցել է խաղաղ համագործակցությանն ու համակեցությանը Հարավային Կովկասում։ Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի անշեղ աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ինչը վկայում է երկու երկրների գործընկերության մասին»,- ասաց Վրաստանի արտգործնախարարը։

Նա նշել է Հայաստանի եւ Վրաստանի միջեւ քաղաքական եւ տնտեսական համագործակցության հսկայական ներուժը։

«Առեւտուրը, տրանսպորտը, էներգետիկան, զբոսաշրջությունը, մշակույթը, կրթությունն այն ոլորտներն են, որոնք կարեւոր դեր են խաղում մեր երկկողմ հարաբերություններում։ Հատուկ ուշադրություն է դարձվել մեր տարածաշրջանի տարանցիկ ներուժին, որը կրիտիկական նշանակություն ունի ոչ միայն Վրաստանի, այլեւ Հայաստանի Հանրապետության համար։ Ընդգծվել է, որ կողմերը կնպաստեն տարանցիկ նոր նախագծերին՝ հաշվի առնելով երկու երկրների ռազմավարական նպատակներն ու խնդիրները։ Տնտեսական համագործակցության տեսակետից մենք կարեւոր ենք համարում ներուժի լիարժեք իրացումը»,- ընդգծեց Իլյա Դարչիաշվիլին։

Նա գոհունակություն հայտնեց երկկողմ տնտեսական հանձնաժողովների հանդիպումների պարբերական անցկացման կապակցությամբ, որոնցում քննարկվում են մի շարք կարեւոր հարցեր։

Վրաստանի արտգործնախարարը պատրաստակամություն հայտնեց նաեւ ընդունել ՀՀ արտգործնախարարին Թբիլիսիում իրեն հարմար պահին, ինչը լավ խթան կհանդիսանա երկրների միջեւ հարաբերությունների զարգացման համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել