Tert.am-ը գրում է.

Հայաստանի ճակատագիրը որոշվելու է Երևանում՝ Ազատության հրապարակում: Այս մասին հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը՝ «Դիմադրություն» շարժման իրազեկման երթի ընթացքում՝ հավելելով, որ մայիսի 1-ին, ժամը 16։00-ին այդ հրապարակում տեղի է ունենալու գլխավոր հանրահավաքը։

«Այդ օրը մենք վերջ ենք դնում պարտության և խայտառակության էջին և սկսում ենք կերտել նոր արշալույս։ Այդ օրը այս հրապարակում «սևեր» և «սպիտակներ» չեն լինելու։ Այդ օրվանից սկսած՝ այս հրապարակում կուսակցական, ՀՅԴ-ական, ՀՀԿ-ական, քոչարյանական, սարգսյանական, վանեցյանական այլևս չի լինելու, լինելու է միասնական հայ ժողովուրդ, որը դուրս է եկել պայքարի՝ հանուն իր երկրի»,- ասել է նա։

Սաղաթելյանը նշել է՝ սա  իշխանության և ընդդիմության պայքար չէ, սա համաժողողովրդական և համազգային պայքար է:

Նա ընդգծել է՝ սեղանին դրված է Հայաստանի լինելիության հարցը․ քաղաքական ուժերը ստանձնել են պայքարն առաջնորդելու պատասխանատվությունը, իսկ պայքարի դուրս եկած քաղաքացիներից ակնկալում են աջակցություն։

«Մեր թիկունքը պինդ պահեք, մենք ձեր կողքին, ձեզանից առաջ պատրաստ ենք շարժվել և րոպե առաջ այս չարիքի իշխանությանը հեռացնել։ Սրանց հեռացնելուց հետո այս երկրում լինելու է համերաշխություն, անվտանգություն, հանդարտություն, կայունություն»,- ասել է Սաղաթելյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել