Tert.am-ը գրում է.

Ապրիլի 26-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի հետևանքով 29-ամյա հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի մահվան ողբերգական դեպքից հետո նրա ամուսինը՝ Աշոտ Վարդանյանը հերթական գրառումն է արել սիրելիի մասին:

Ծավալուն հրապարակման մեջ նա պատմել է Սոնայի, նրա կյանքի, հետաքրքրությունների, բնավորության, ինչպես նաև անձնականի, այդ թվում՝ իրենց առաջին հանդիպման ու սիրո պատմության մասին:

«Երեկ հոգեհանգստի արարողությունն էր։ Մեկ շաբաթ առաջ ես չգիտեի, թե դա ինչ է: Երեկ ես նստած էի դագաղի կողքին՝ մեջը՝ կյանքիս սերը ու երեխաս։ Նա չափազանց կենտրոնացած էր ուրիշների վրա, ուստի ես պետք է պատմեմ նրա պատմությունը, գոնե մի փոքր մասը:

Մի աղջիկ կար, որին ոչ ոք չէր ճանաչում։ Ոմանք տեսել են նրան, իսկ ոմանք խոսել են նրա հետ: Ոմանք նրա ընկերներն էին, իսկ ոմանք՝ հարազատները, բայց նա շատ ավելին էր, քան որևէ մեկը կարող էր պատկերացնել: Նրա անունը Սոնա էր։ Նա մի պատմություն ուներ. սիրով ու ցավով լի կարճ, ողբերգական պատմություն», - գրել է ամուսինը:

Տղամարդը պատմել է կնոջ ընտանիքի մասին՝ ընդգծելով, որ Սոնան նվիրված դուստր էր, քույր և թոռնիկ, և որ նրա համար առանձնահատուկ նշանակություն ուներ տատիկը, որի հետ Սոնան այնքան շատ էր սիրում ժամանակ անցկացնել:

Գրառումից պարզ է դառնում, որ Սոնան ստացել է շատ լավ կրթություն, աշխատանքային լուրջ առաջընթաց է ունեցել Եվրոպայում, եղել է ակտիվ, նվիրված ու գնահատված աշխատող:

Նա նշել է, որ Սոնան աշխատանքի բերումով ընկերներ է ձեռք բերել ամոբղջ աշխարհում և այս ամռանը նրանք պետք է գային երեխայի լույս աշխարհ գալու կապակցությամբ:

«Բոլորը պետք է գային. ծննդաբերության, ոչ թե թաղման համար»,-գրել է Վարդանյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել