Lurer.com-ը գրում է.

Ռուսաստանը հատուկ գործողություն է սկսել Դոնբասի բնակչության պաշտպանության համար՝ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն։ Այս մասին ապրիլի 26-ին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպմանը։

Նա բացատրել է, որ Ռուսաստանը ստիպված է եղել ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները, որպեսզի դադարեցնի Դոնբասում մարդկանց ցեղասպանությունը։

«Այն բանից հետո, երբ Կիևի իշխանությունները փաստացի հրապարակավ, ես ուզում եմ դա ընդգծել` հրապարակավ, պետությունների առաջին դեմքերի շուրթերով, հայտարարեցին, որ իրենք մտադիր չեն իրականացնել Մինսկի այս պայմանավորվածությունները, մեզ ստիպեցին դադարեցնել մարդկանց ցեղասպանությունը, ովքեր ապրում են այդ տարածքներում, ճանաչել այդ պետությունները որպես անկախ և ինքնուրույն»,- ասել է Պուտինը։

Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ Կոսովոյի Հանրապետությունը ճանաչված է որպես անկախ պետություն շատ արեւմտյան երկրների կողմից։ Ռուսաստանի Դաշնությունը նույնն է արել ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի նկատմամբ:

«Այն բանից հետո, երբ մենք դա արեցինք, նրանք (ԼԺՀ և ԴԺՀ - Խմբ.) դիմեցին մեզ՝ իրենց դեմ ռազմական գործողություններ իրականացնող պետության առնչությամբ իրենց ռազմական օգնություն ցուցաբերելու խնդրանքով։ Եվ մենք իրավունք ունեինք դա անել՝ ամբողջությամբ պահպանելով ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ վերնագրի 51-րդ հոդվածը»,- ասել է նախագահը։

Պուտինի եւ Գուտերեշի հանդիպումը տեւել է մոտ մեկ ժամ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել