Մայիսի 14-ին Դիլիջանի «Պարզ լիճ» տանող ճանապարհին նախատեսվող դպրոցականների թիմային խճուղավազքի անցկացման համար Կառավարությունը տրամադրել է 24 մլն 361 հազար դրամ կամ ավելի քան 50 հազար դոլար գումար:
Փաշինյանը հայտարարել է, որ մասսայական սպորտի «Վարչապետի գավաթի» մրցաշարերը հաջող ընթացք ունեն և այս անգամ որոշվել է անցկացնել թիմային մարզաձևի մրցույթ:

Հատկացված միջոցները քիչ չեն՝ նկատի ունենալով հատկապես երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական վիճակն ու ազգաբնակչության շրջանում աճող աղքատության մակարդակը, որը գուցե պաշտոնական վիճակագրություններում չի երևում,բայց ներկա է բոլորի առորյայում:
Ինչո՞վ կարող է պայմանավորված լինել «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» խաղացնելու սրանց մոլուցքը, որ պատճառաբանվում է իբր առողջ ապրելակերպի խրախուսմամբ ու սպորտի զարգացմամբ: Երկու հիմնական պատճառ կա: Մեկն, անկասկած, գումարայինն է. «ատկատների» լավ առիթ է, և նույն Դումանյան Վահրամի կողմից հիմարություն կլիներ առիթից չօգտվելը: Հենց նման դեպքերում է առիթ ստեղծվում՝ կլորիկ գումարներ գրպանելու ու հետո դրանցով պարարտանալու: Երկրորդ՝ անկասկած է,որ միջոցառման կազմակերպման հիմնական նպատակներից է իշխանությունների ինքնագովազդը. Նիկոլը, գավաթներ բաժանելով ու դրա անվան տակ կլորիկ գումարներ փոշիացնելով, փորձում է ուղղակի ինքնափիառվել,քանի որ հոգնել է ամբողջ օրը հայհոյվելուց, հիմա էլ փող է տալիս, որ իրեն մի քիչ սիրեն: Դե ո՞ւմ չտաս 50 հազար և ավել դոլար, որ չսիրի:

Բայց Նիկոլը մոռացել է մի պարզ ճշմարտություն՝ սերը ու հատկապես դրա ժողովրդական տեսակը փողով չեն գնում, ոչ էլ դրանով հարգանք են ձեռք բերում. սերն ու հարգանքը քաղաքական գործիչները, պետական այրերը ձեռք են բերում իրենց անձնուրաց աշխատանքի ու նվիրվածության արդյունքում, և տռճիկ տալն այս պարագայում չի կարող լրացնել չծածկվող բացը՝ փոխարենը լրացնելով ոմանց ընտանեկան բյուջեների հնարավոր ճեղքվածքը:

Առո՛ղջ եղեք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել