«Գիշերն անցել է հանգիստ, նորմալ։ Որեւէ լուրջ միջադեպ չի գրանցվել։ Այսօր շարունակելու ենք մեր իրազեկման անժամկետ ակցիան, որի արդեն 5-րդ օրն է։ Այսօր Ազատության հրապարակում լինելու են տարբեր քննարկումներ՝ հայ-թուրքական հարցերի վերաբերյալ, լինելու է նաեւ դասախոսություն հայտնի մարդկանց կողմից։ Կրկին շփվելու ենք քաղաքացիների հետ, իսկ օրվա ավարտին, ըստ անհրաժեշտության, կլինի այս կամ այն ակցիան»,- երեկ վաղ առավոտյան հայտարարեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, որը շարունակում է պայքարն Ազատության հրապարակում։

«Այո, շուտով ապրիլի 24-ն է, իսկ թուրքական կողմը շարունակում է պնդել, թե` եթե հայերն ուզում են հարաբերություններ մեզ հետ կարգավորել, ապա պիտի հրաժարվեն ցեղասպանությունից, պահանջատիրությունից, ու, առհասարակ, ուղիղ տեքստով խոսվում է այն մասին, որ մեր Սահմանադրությունը պիտի փոխվի։ Իսկ Անկախության հռչակագրի մեջ հստակ գրված է, որ ՀՀ-ն պահանջատեր է ու անելու է ամեն ինչ ցեղասպանության ճանաչման համար։ Այս իշխանությունները ոչ միայն չեն արձագանքում այդ ձեւակերպումներին, այլ փոխարենը նախաձեռնել են սահմանադրական բարեփոխումների պրոցես, ու ես կարծում եմ, որ եթե մենք չպայքարենք, իրենք անպայման կանեն այդ փոփոխությունը»,- նշեց Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով նաեւ ցեղասպանության ճանաչման գործընթացին։

«Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը հայտարարություն է անում, թե ցեղասպանության ճանաչման հարցը սփյուռքի հարցն է։ Սա հերթական անհեթեթ արտահայտությունն է, որն ուղղակի անթույլատրելի է ու լուրջ մեկնաբանության կարիք էլ չունի։ Սա ուղղակի ֆանտաստիկայի ժանրից է, որ Հայաստանի ղեկավարը կարող է նման արտահայտություններ իրեն թույլ տալ։ Ցեղասպանության մասով հատուցման վերաբերյալ խոսելը, իհարկե, այս փուլում վաղ է։ Ես ավելի կարեւոր եմ համարում, որ մենք հասնենք նրան, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի ողջ աշխարհի կողմից, հատկապես այն, որ Թուրքիան ընդունի իր մեղքը ու ներողություն խնդրի հայ ժողովրդից։ Մնացած հարցերի մասին խոսելը գոնե այս փուլում ես չեմ կարծում, որ կարող է իրական արդյունք տալ։ Շատ է խոսվում հայ-թուրքական հարաբերությունների մասին։ Մենք էլ ենք ասում, որ՝ այո, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն իրոք շատ կարեւոր է։ Դրանք պետք է կարգավորվեն, որովհետեւ նորմալ չէ, որ 21-րդ դարում լինեն երկու հարեւան երկրներ, որոնց միջեւ սահմանները փակ են։ Սակայն եթե խոսում ենք առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու մասին, մի հատ շատ պարզ հարց է առաջանում՝ եթե առանց նախապայմանների է, ապա ինչո՞ւ Թուրքիան միակողմանի չի բացում իր կողմից միակողմանի փակված ճանապարհները։ Հայաստանը Թուրքիայի հետ ճանապարհներ չի փակել, ճանապարհը փակել է Թուրքիան»,- նշեց Վանեցյանը։

Անդրադառնալով «3+2» ձեւաչափի վերաբերյալ լրագրողների դիտարկումներն՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը նշեց․ «Կարծում եմ՝ ցանկացած ձեւաչափ էլ կարեւոր է, հատկապես տարածաշրջանի երկրների համար, բայց պետք է ամենակարեւորը հասկանալ, թե` լավ, այդ ձեւաչափում, ի վերջո, ինչ հարցեր են քննարկվում, արդյոք կքննարկվե՞ն հարցեր, որոնք, ասենք, քննարկվել են մինչ այս ու այլ ձեւաչափերում։ Խոսքը գնում է, օրինակ, հենց արցախյան հիմնախնդրի մասին, որը չի կարող դուրս գալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափից ու դրվել քննարկման այլ ձեւաչափերում։ Ամեն դեպքում, այդ շփումները ողջունում եմ ու լիովին նորմալ եմ համարում»։

Հրապարակի մեկ այլ հատվածում 44-օրյա պատերազմի մասնակիցներ Արթուրն ու Նվերն են շարունակում հացադուլը՝ ի պաշտպանություն Արցախի։ Երեկ նրանք հստակեցրին, թե որ դեպքում կդադարեցնեն հացադուլը։ «Պայքարը հանուն գաղափարի է ու հանուն արժեքի, իսկ պայքարը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ այդ արժեքը վտանգված է, այսինքն՝ Արցախի կարգավիճակը, կոնկրետ այս դեպքում։ Ես ուզում եմ շեշտել, որ մեր հացադուլը կդադարի այն դեպքում, երբ որ ինքը կդառնա ինքնանպատակ։ Իսկ ո՞ր դեպքում հացադուլը կարող է դառնալ ինքնանպատակ։ Երբ որ իր խնդիրը լուծի, այսինքն՝ հավաքվի հրապարակում «անկախության» սերնդի կրիտիկական զանգվածը, որը կասի, որ ինքը տեր է իր ժառանգությանը, մտահոգ է դրա հետ կապված ու պատրաստ է անել գործողություններ, այսինքն՝ չբավարարվել ստատուս գրելով կամ առհասարակ լռելով։ Եթե մենք ունենանք իմ նկարագրած վիճակը, մենք կհամարենք, որ հացադուլն իր նպատակին հասել է, ու կդադարեցնենք այն։ Կրկնում ենք, որ հացադուլը մեզ համար գործիք է, որ ոչ թե ուշադրությունը սեւեռենք հենց մեր անձին, այլ՝ խնդրին, գաղափարին»,- պնդեց Նվեր Կիրակոսյանը։

«Իրականում ես միշտ էլ տեսել եմ կրիտիկական զանգված հավաքելու պոտենցիալը, որովհետեւ մեր ժողովուրդն իր մեջ իրոք ունի այդ ուժը։ Իրականում մենք՝ բոլորս էլ գիտենք, թե ինչն է խանգարում ժողովրդին՝ դուրս գալ ու պայքարել։ Ժողովուրդը վախեր ունի։ Վախեր ունի անցյալից, ներկայից։ Խնդիրը հիմա այդ վախերն ու հիասթափությունները հաղթահարելու մեջ է»։ «Շատ հիասթափեցրին ժողովրդին, շատ խաբեցին, բայց, միեւնույն է, ժողովուրդն իր մեջ պիտի ուժ գտնի։ Ժողովուրդը պիտի դուրս գա ու տեր կանգնի իր ճակատագրին, որովհետեւ, ի վերջո, հենց իր ճակատագրի մասին է խոսքը։ Հիմա եթե ես կանգնեմ ու ասեմ, թե հիասթափված եմ, խաբված եմ, չեմ ուզում պայքարել իմ իսկ կյանքի համար եւ այլն, դա նշանակում է՝ ես հանձնվեցի, իսկ ես երբեւէ չեմ հավատա, որ հայ ժողովուրդը հանձնվող ժողովուրդ է։ Քանի որ ես շատ լավ պատմություն գիտեմ, ես գիտեմ, որ մենք բազմիցս ենք եղել նմանատիպ իրավիճակում։ Մենք ցեղասպանվելուց հետո երկիր ենք կառուցել, ինչի՞ մասին է խոսքը։ Խաչատրյաններ ու Համբարձումյաններ ենք ծնել, սա պարզապես մեր ժողովրդին բաժին հասած հերթական փորձությունն է։ Այո, մենք շատ սխալներ ենք գործել, շատ մեղքեր ենք գործել, ես հիմա բոլորի մեղքերն ինձ վրա եմ վերցնում։ Նյութականից բացի, կա նաեւ հոգեւոր դաշտ, որը կարեւորներից է։ Իրականում մենք շատ ենք դրանից հեռացել, հոգեւորից, այո, հեռացել ենք, մենք չենք տեսնում մեր արարքների առաջացրած էներգետիկ դաշտը»,- իր ելույթում ասաց «5165»-ի հիմնադիր Կարին Տոնոյանը։

«Գլուխները պատով կտան՝ ինձ կոչումներից կզրկեն։ Այդ կոչումներն իրենց հոր տնից չեն բերել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով համացանցում ընթացող ֆլեշմոբին, թե պետք է իրեն զրկեն գեներալի ուսադիրներից։ «Եթե իմ նկատմամբ հնարավոր լիներ օրինական ճանապարհով քրեական գործ հարուցել, դատապարտել, կալանավորել, ապա հավատացեք, որ իրենք վաղուց արդեն դա արած կլինեին։ Իմ հրաժարականից հետո, եթե չեմ սխալվում, հինգից ավելի գործերով մեղադրյալ եմ եղել՝ սկսած ամենածանր հոդվածներով, որոնցից մեկը սահմանում էր նաեւ մինչեւ ցմահ ազատազրկում։ Բայց դրանք ամբողջությամբ հերքվեցին ու կարճվեցին, հիմա ինչի՞ մասին է խոսքը»,- նշեց Վանեցյանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել