Մոսկվայում Նիկոլ Փաշինյանի եւ Վլադիմիր Պուտինի ստորագրած համատեղ հայտարարության 30 կետերից մեկում հպանցիկ անդրադարձ կա Արցախին, մասնավորապես՝ 24-րդ կետը վերաբերում է Ռուսաստանի դերակատարմանը նոյեմբերի 9-ի Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ հայտարարությանը: Կողմերն արտահայտվել են այդ «պայմանավորվածությունների հետեւողական իրականացման օգտին», շեշտել «ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի որոշիչ ներդրումը Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման, բնակչության կյանքի համար բարենպաստ եւ անվտանգ պայմանների ստեղծման գործում», ընդգծել «հումանիտար անհետաձգելի հարցերի հրատապ լուծման եւ քաղաքական-դիվանագիտական միջոցներով Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման պահանջվածությունը»: Սակայն, մեծ հաշվով, կարգավիճակի հստակեցման մասին խոսք չկա։ Այս եւ Արցախին առնչվող այլ թեմաներով զրուցել ենք  Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ-ական պատգամավոր Վահրամ Բալայանի հետ։

- Պարոն Բալայան, ծանոթ եք այդ հայտարարությանը, այն փարատո՞ւմ է արդյոք Արցախի հարցում վերջին ժամանակների մտահոգությունները, որոնք առաջացել են ՀՀ իշխանությունների հայտարարություններից։ Նկատի ունեմ՝ Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման, Արցախն Ադրբեջանի կազմում դիտարկելու տեսանկյունից։ Ի դեպ, այդ հայտարարության մեջ խոսք չկա խաղաղության պայմանագրի ստորագրման մասին, սա ի՞նչ է նշանակում, հատկապես որ Բրյուսելից հետո իշխանությունները խոսում էին դրա անխուսափելիության եւ արագ ստորագրման մասին։

- Այդ հայտարարությամբ արձանագրվեց, որ կա նման հիմնահարց, չմոռանանք, որ ադրբեջանական կողմն անընդհատ խոսում է այն մասին, որ Արցախի հարցը փակված է, Մինսկի խումբն էլ անելիք չունի։ Երկրորդ կարեւոր արձանագրումը, որ Մինսկի խմբի ձեւաչափը պիտի շարունակի քննարկումները, եւ փորձեն հարցի լուծում ապահովել։ Եթե ամփոփ ասենք, ապա հայտարարությունն այն մասին է, որ հարցը նորից վերաբացվի, քննարկվի եւ երկարատեւ խաղաղության ակնկալիքով արցախահայության ինքնորոշման իրավունքի շրջանակում լուծում ստանա։

- Բայց կարգավիճակի մասով հստակ ոչինչ չի արձանագրվել, գուցե դա ա՞յն պատճառով է, որ խաղաղության պայմանագրի մասով էլ բան չկա։

- Բնական է, որ այս պահին նման բան չէր ասվելու, ու չենք էլ ակնկալում, որ մեկ ամիս հետո նստելու են ու հարցը լուծեն, քանի որ սա լոկ արցախահայության հարց չէ, սա տարածաշրջանային հարց է, տարբեր բեւեռների, շահերի կիզակետում է Արցախը, շահագրգիռ ուժերը շատ են, որ այս կամ այն լուծումն ապահովվի՝ այս կամ այն երկրի օգտին։ Ամենակարեւոր արձանագրումը ես կրկնում եմ, որ կա հիմնախնդիրը, ինչը փորձում է հերքել Ադրբեջանը, անկախ այն հանգամանքից, որ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրներն ուկրաինական դեպքերից հետո ցանկություն չունեն նստել-քննարկել առհասարակ որեւէ հարց։ Բայց ինձ մոտ կա տպավորություն, որ այս երկրներն Արցախի հարցում ինչ-որ առումով նույն դիրքորոշումն ունեն, որ կա խնդիր, որը լուծում է պահանջում, երեք կողմն էլ գտնում է, որ երկարատեւ խաղաղության ապահովման համար պետք է հարցի լուծում ապահովել։

- Եթե ոչ դիվանագիտական լեզվով ասեք՝ Ռուսաստանում ընդունված հայտարարության` Արցախին վերաբերելի արձանագրումներն Արցախի օգտի՞ն էին, թե՞ լողացող, ոչինչ չտվող մանեւրումներ են։

- Ինչ-որ տեղ․․․ պիտի արձանագրել, որ հարցին անդրադարձ լինելու է, ՌԴ նախագահն էլ իր բանավոր խոսքում անդրադարձավ, որ Ղարաբաղի խնդրի հետ կապված մտահոգություններ կան, պիտի անդրադառնալ եւ այլն․․․

- Պարոն Բալայան, մի կողմից՝ խաղաղության պայմանագրի ստորագրման մասին ոչ մի խոսք հայտարարության մեջ չկա, մյուս կողմից՝ 25-րդ եւ 26-րդ կետերով հաստատվել է, որ սահմանների դեմարկացիայի եւ դելիմիտացիայի հարցի կարգավորումը պիտի ավելի արագ եւ ինտենսիվ կազմակերպվի։ Եթե կարգավիճակը չի հստակեցվում, բայց գծվում են սահմաններ, ասել է թե` ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, չի՞ նշանակում Արցախի դիտարկում Ադրբեջանի կազմում։

- Եթե դուք նկատել եք, հենց ռուսական կողմն արտգործնախարարի մակարդակով այն միտքն է հնչեցրել, որ այդ երկու հանգամանքները չպետք է իրար հետ կապել, այսինքն` Հայաստանի Հանրապետության` Ադրբեջանի հետ կնքվելիք պայմանագիրը չպետք է կապ ունենա Արցախի հետ։

- Այսինքն, երբ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, Արցախը որտե՞ղ է մնում, ի՞նչ կարգավիճակ է ստանում։

- Նայած թե որ կողմն ինչպես է նայում, ադրբեջանական կողմն ամեն ինչ անում է, որ Արցախի կարգավիճակի հարցը հենց տարածքային ամբողջականության խորապատկերի վրա դիտարկի, Հայաստանին ստիպելու, որ այդ ամենի վրա Արցախը դիտարկի Ադրբեջանի կազմում, բայց ես չեմ կարծում, որ ՀՀ ժողովուրդը կհանդուրժի այդ ամենը եւ թույլ կտա, որ իր ղեկավարությունը նմանօրինակ փաստաթուղթ ստորագրի, որի մեջ պիտի խոսվի Արցախի ճակատագրի մասին՝ ի վնաս հայ ժողովրդի։ Մենք հեռուստատեսությամբ տեսնում ենք, որ Հայաստանի բնակչության մի հատված անընդհատ խոսում է, որ պետք է հրաժարվել Արցախից` հեշտ ապրելու համար, բայց, իմ խորին համոզմամբ, հայ ժողովուրդը չի կարող ձեռքերը լվանալ Արցախից, ի վերջո՝ 30 տարվա զոհողություններով անցած ժողովուրդը չի կարող այսքան հեշտությամբ հրաժարվել իր զավակների արյան գնով արձանագրած ձեռքբերումներից՝ ազատությունից, հայրենիքում ազատ ապրելու իրավունքից եւ այլն։

- Կարծում եք՝ ՀՀ իշխանությունները կհրաժարվե՞ն որդեգրած կուրսից՝ նկատի ունեմ, որ վերջին ամիսներին ակնհայտ էր, թե ուր էին տանում գործընթացները՝ հրատապ կարգով խաղաղության պայմանագրի ստորագրում, Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցում, ընդհուպ՝ Արցախն Ադրբեջանի կազմում դիտարկել, սահմանագծում եւ այլն։

- Եթե ժողովուրդը պինդ կանգնի, ես համոզված եմ, որ ոչ մի իշխանություն էլ չի կարող ինքնագլուխ որոշումներ կայացնել։ Հայ հասարակության մոտ տպավորություն է, որ Արցախից հրաժարվեն, հեշտ կապրեն, բայց կյանքն ապացուցեց հակառակը՝ հրաժարվել Արցախից՝ կնշանակի վտանգն ավելի մոտեցնել իր տան սահմաններին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել