«Գիշերն առհասարակ ոչ մի միջադեպ չի գրանցվել։ Քանի որ չեն թողնում վրաններ տեղադրենք, ուղղակի մի քիչ ցուրտ է եղել, բայց դա, իհարկե, կապ չունի, պայքարը շարունակվում է։ Այո, տենց մարդիկ կան, որ պարբերաբար գալիս են, խոսում են, փորձում են սադրել, բայց նման բաները չեն անցնում, իհարկե, գնալու ենք մինչեւ վերջ»,- երեկ վաղ առավոտյան լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ «Մենք մեր բողոքի ակցիան շարունակում ենք, որի հիմնական նպատակը մարդկանց ուշադրությունը գրավելն է, մարդկանց հետ խոսելն է, ու ակցիան միանշանակ իր նպատակին ծառայում է։ Ես ուղղակի չեմ կարող տունը հանգիստ նստել, երբ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովից հայտարարում է, թե կարող էինք կանգնեցնել պատերազմը, բայց կունենայինք նույն արդյունքը, բացառությամբ զոհերի։ Ես իրոք չեմ հասկանում՝ ո՞նց կարելի է նման բան ասել։ Միանշանակ, իրավական պրոցես սկսելու հիմք կա։ Դա լրջագույն հայտարարություն է, ինքնախոստովանական ցուցմունք։ Ավելի մեղմ հայտարարությունների համար են պրոցես սկսում, մարդկանց ձերբակալում ու դատում, իսկ այստեղ կոնկրետ հիմք կա»,- նշեց Վանեցյանը։

«Սեւ հովազ» ջոկատի անդամները եւս շարունակում են նստացույցը, իսկ 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը հացադուլ են անում։ Երեկ նրանք կոչով դիմեցին երիտասարդությանը՝ «անկախության սերդին», խնդրելով երեկոյան գալ հրապարակ ու մասնակցել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկմանը։

Քաղաքական տարբեր դեմքեր, մտավորականներ, արվեստի գործիչներ, սպաներ շարունակում են այցելել Արթուր Վանեցյանին ու աջակցություն հայտնել նրան։ Երեկ Վանեցյանին տեսակցելու էին եկել նաեւ ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանն ու «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ, բարերար Գաբրիել Ջեմբերջյանը։ «Իմ կարծիքով՝ ճիշտ կլինի, որ ԱԱԾ այսօրվա տնօրեն Արմեն Աբազյանը գա եւ փորձի իր գործընկերոջից, ով նաեւ իր աշխատած ժամանակահատվածում ղեկավարել է ծառայությունը, հասկանա՝ ինչ է ուզում ասել Արթուր Վանեցյանը: Սա մեզ համար ու, առհասարակ, անվտանգության համակարգի համար մի արտառոց դեպք է, երբ ԱԱԾ նախկին ղեկավարը դուրս է գալիս հրապարակ ու նստացույցի ակցիա, բողոքի ակցիա է նախաձեռնում։ Սա նշանակում է, որ ստեղծվել է մի իրավիճակ մեր երկրում, երբ մարդիկ պարզապես իրար չեն լսում, արհամարհում են, մարդիկ միմյանց նկատմամբ թշնամաբար են տրամադրված, այլ ելք չի մնում, քան փողոց դուրս գալ»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց Միքայել Համբարձումյանը։

«Պրն Վանեցյանի բոլոր մտահոգությունները ես խորապես կիսում ու հասկանում եմ։ Մենք մեր հասարակական կազմակերպությամբ ամեն ինչ անելու ենք պրն Վանեցյանի արտահայտած մտքերը, կոչերն իրականություն դարձնելու համար։ Եկեք մի հատ ինքներս մեզ հարց տանք, թե ինչ երկրում ենք ապրում։ Մենք ապրում ենք ժողովրդական արժեքներ դավանող երկրում։ Եթե այդպես է, մեր երկրում ապրող մարդիկ պետք է հասկանան, որ իրենց խոսքը հենց այնպես չէ, իրենց խոսքը տեղ է հասնում։ Կարող եմ ասել, որ Ազատության հրապարակում տեսնում եմ մեծ էներգետիկա, ու եթե հրապարակ շատ մարդ չի գալիս, դա չի նշանակում, որ դժգոհություն ու խնդիրների նկատմամբ մտահոգություն չկա։ Այո, շատ մարդիկ ֆիզիկապես պասիվ մարդիկ են ու նախընտրում են տանը նստել, այնտեղից հետեւել ու չգալ հրապարակ, սակայն դա չի նշանակում, որ անտարբեր են։ Հրապարակից դատողություններ անել պետք չէ, ես համոզված եմ, որ հրապարակներ են լցվելու։ Չեմ ուզում, որ գնահատականները տրվեն զուտ հրապարակում հավաքված մարդկանց թվի հաշվարկից ելնելով։ Ես չեմ ուզում հիմա թիվ հնչեցնել, թե ինչքան մարդ պիտի հավաքվի արդյունքի համար։ Ես արդեն ասացի, որ խնդիրն իրոք մարդկանց մտահոգում է, ու սրանից ավելի կարեւոր խնդիր հայոց աշխարհի համար գոյություն չունի»,- նշեց Համբարձումյանը, որը նաեւ անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե Ադրբեջանը պատերազմը սկսել է հենց Շուշիի համար, եւ մինչեւ Շուշին չհանձնեինք, այն չէր կանգնելու, ասաց, որ ինքը՝ որպես ԱԱԾ երկարամյա աշխատակից, առաջին անգամ է նման ձեւակերպում լսում։

«Պրն Վանեցյանի քայլը ճշգրիտ քայլ է, որը պիտի համախմբի թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանը։ Իմ կարծիքով՝ պրն Վանեցյանի քայլը նաեւ միմյանց միջեւ կամուրջ հաստատելու համար է արվում, սա, իհարկե, իմ տեսակետն է։ Բոլոր նրանք, ովքեր իրենց հայրենիքը կսիրեն, պետք է արթնացնեն ժողովրդին, հանեն դեպրեսիայից։ Ժողովուրդն այսօր դեպրեսիայի մեջ թաղված է։ «Պայքարին միանում եմ, թե չեմ միանում» հարցին պատասխանեմ, որ ես միանում եմ հաշտությանը։ Ես կարծում եմ, որ իշխանությունն ու ընդդիմությունն այս պահին գոնե պետք է իրար հետ համագործակցեն, քանզի համագործակցելով է միայն, որ կարողանալու ենք սխալները շտկել։ Մենք չէ, որ պետք է Փաշինյանին ասենք՝ հրաժարական տուր, նա՝ ինքը պիտի հասկանա ու հրաժարական տա։ Նա իր շահերի համար նաեւ դա պիտի անի։ Հիմա ինչքան մարդիկ այստեղ շատանան, իշխանությունն էլ կմտածի այս ձեռնարկին աջակից լինելու համար։ Ես հանրային խորհրդի անդամ եմ։ Փաշինյանի ներկայությամբ նրան ասել եմ՝ պրն Փաշինյան, Դուք հրաժարական տվեք, Ձեր լիազորությունները թեկուզ Ձեր խմբակից մի ուրիշ անձի հանձնեք։ Ես նրան ասել եմ, որ բանակցությունները երկար են տեւելու, ու պիտի գլխավոր բանակցողն անպայման փոխվի։ Պետք չէ ասել՝ սա Քոչարյանի սխալն է, Սերժի սխալն է, Նիկոլի սխալն է։ Իրար վրա գցելով՝ հիմա բանի չենք հասնելու, հիմա հստակ խնդիր ունենք, դա պիտի լուծվի։ Արցախը մերն է ու մերն էլ պիտի մնա։ Նշաձող իջեցնել են ասում, հույս ունեմ, որ հակառակը կանի»,- մեր դիտարկումներին ի պատասխան ասաց Գաբրիել Ջեմբերջյանը։

«5165»-ը՝ Կարին Տոնոյանի գլխավորությամբ, երեկ եւս պայքար սկսեց՝ տեղավորվելով Ազատության հրապարակի մեկ այլ անկյունում։ Տոնոյանը տեղեկացրեց, որ կուսակցությունը ժամանակավորապես դադարեցնում է գործունեությունն ու համախմբվում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու, նրան հեռացնելու, Արցախը փրկելու ու Հայաստանն այս ճգնաժամից հանելու գաղափարի շուրջ։ «Մենք մեծ ժողովուրդ ենք, մեծ ազգ ենք, մեզ ճանաչում են ամբողջ աշխարհում։ Մեզ պետք չէ երկրի ղեկավար, որը մեզ չի սիրում։ Մեզ պետք չէ երկրի ղեկավար, որը մեզ չի պաշտպանում, չի պաշտպանում մեր ինքնությունը, ազգային պատկանելությունը, արժանապատվությունը։ Մենք այսօր իրականության մեջ, ստի մեջ ենք ապրում, սա պետք չէ թույլ տալ, պիտի արթնանալ, ժողովուրդ ջան»,- իր ելույթում ասաց Արսեն Գրիգորյանը՝ Մրոն։ Վանեցյանն ու իր կողմնակիցները երեկ երեկոյան նաեւ իրազեկման երթ իրականացրին մայրաքաղաքի փողոցներով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել