Hraparak.am-ը գրում է.

Ապրիլի 14-ին համացանցը վրդովվեց լուրից, որ անհայտ անձը պղծել է Ազգային հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանը՝ ինչ-որ մեկը վնասել էր հերոսի դեմքը։ Նույն օրը ոստիկանությունը հայտնեց, որ «Ապրիլի 13-ին՝ ժամը 18:18-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է՝ ապրիլի 10-ից ապրիլի 13-ի ժամը 18:00-ն ընկած ժամանակահատվածում մուրճանման առարկայով վնասել են Մաշտոցի պողոտայի և Խորենացու փողոցի խաչմերուկում տեղադրված Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանի դեմքի հատվածը: Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են արարքը կատարողի ինքնությունը: Երևանի Մաշտոցի պողոտայի բնակիչ 58-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին և տվել խոստովանական ցուցմունք: Նա ձերբակալվել է»:

Այսօր մեր խմբագրություն էր այցելել արձանը պղծող քաղաքացին, որը հաճախ է այցելում «Հրապարակի» խմբագրություն եւ գրեթե մշտապես բողոքում է իրավապահների գործողություններից, որ իր դիմումներին ընթացք չեն տալիս, քրեական գործեր չեն հարուցում, չեն պատժում քննիչներին եւ ոստիկաններին։ Այս անգամ եւս եկել էր բողոքելու ոստիկանների գործողություններից, որոնք «իրեն բերման են ենթարկել Կենտրոնի բաժին, 3 օր պահել կապեզեում», իրեն ծեծի են ենթարկել Կենտրոնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորները, և հիմա բողոքում է՝ ոստիկանությունից իրեն չեն տրամադրում դատաբժշկի ուղեգիր եւ քրեական գործ չեն հարուցում։ Հետաքրքրվեցինք, թե ինչու են բերման ենթարկել։ Սկզբում նա հրաժարվում էր ասել, թե ինչն է եղել բերման ենթարկելու պատճառը․ «Չեմ ուզում ասել»։ Իսկ երբ ասացինք, որ մինչեւ չիմանանք բերման ենթարկելու պատճառը, չենք կարող հրապարակում անել, խոստովանեց. «Ես եմ վնասել Ազգալդյանի արձանը»։

Պարզվեց՝ 3 օր նրան պահել են մեկուսարանում, եւ միայն երեկ է դուրս եկել բաժնից։ Մեր հարցին, թե ինչու է գնացել նման քայլի, պատասխանեց․ 

«Ես Լեոնիդ Ազգալդյանի քիթն եմ ջարդել, որովհետև նա ազգի դավաճան է, դրա համար էլ նրան սպանել են։ Որ ինքն ու իր նմանները քիթը չխոթեին էստեղ-էնտեղ, սենց պատերազմ չէր լինի։ Ինքն է մեղավոր 2020 թվականի մեր ունեցած 5000 զոհի համար։ Նա ազգի, հայրենիքի դավաճան ա եղել, դրա համար էլ սպանել են իրեն, գիտե՞ք ով է սպանել դրան՝ իրա ընկերները»։ 

Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ Երևանի 58-ամյա բնակիչ Կարեն Խաչատրյանն ազատ է արձակվել, քանի որ նրա նկատմամբ ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին, գործը գտնվում է նախաքննության շրջանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել