Նիկոլ Փաշինյանը բաց տեքստով Հայաստանի իշխանության անունից հայտարարեց, որ հրաժարվում է Արցախի ինքնորոշման իրավունքը պաշտպանելուց՝ բավարարվելով Ադրբեջանի կողմից տրվելիք ինչ-որ երաշխիքներով, որոնք վերաբերելու են այնտեղ ապրող հայերի իրավունքներին եւ անվտանգությանը: Արցախի իշխանությունները հայտարարում են, որ Արցախը ոչ մի կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Այդ դեպքում ի՞նչ է սպասվում Արցախին եւ արցախահայությանը:

Արցախի իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրն այսպես բնորոշեց ստեղծված իրավիճակը. «Ռուսաստանը եթե ուզեց, մենք մնալու եւ ապրելու ենք այստեղ, չուզեց՝ չենք ապրելու: Այս պահին կարող եմ ասել, որ ռուսները տրամադրված են, որ Արցախը մնալու է հայկական, եւ Ադրբեջանի իշխանությանը շատ կոշտ ձեւով հասկացրել են, որ այս հարցում որեւէ զիջում չի լինելու»: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթին, մեր զրուցակիցը նշեց. «Որեւէ նոր կամ արտասովոր բան այդ ելույթում չկար: Հայաստանը 2020թ. նոյեմբերի 10-ից է դադարել լինել Արցախի անվտանգության երաշխավորը եւ ձեռքերը լվացել Արցախից՝ այդ հոգսը թողնելով Ռուսաստանի եւ ռուս խաղաղապահների վրա: Նիկոլ Փաշինյանն ընդամենը ուզում է, որ այդ իրավիճակը փաստաթղթային ձեւակերպում ստանա, եւ Հայաստանը հրաժարվի Արցախից: Եթե Հայաստանում դա ինչ-որ մեկի համար զարմանալի է կամ նորություն է, ապա մենք դրա մասին գիտենք արդեն մեկուկես տարի»:

Մեր զրուցակիցն ասում է, որ բրյուսելյան հանդիպումից հետո իրենք տեղեկացվել են, որ Ալիեւն այդ հանդիպման ժամանակ Փաշինյանին խորհուրդ է տվել չվստահել Ռուսաստանին, որովհետեւ երեքուկես տարի հետո իրենք պնդելու են նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության պայմանների վերանայում, որտեղ անպայման ամրագրվելու է նորմ, ըստ որի՝ Հայաստանը պարտավորվելու է Լաչինի միջանցքին հավասարազոր կարգավիճակ տրամադրել Զանգեզուրի միջանցքին, եւ քանի որ ռուսները չեն կարող հակադրվել դրան, քանի որ այդ պահանջը լինելու է տրամաբանական եւ օրինական, Հայաստանի իշխանության համար միակ տարբերակը մնացել է հրաժարվել ինչպես Լաչինի միջանցքից, այնպես էլ Արցախից: Հրաժարվել այն իմաստով, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ Լաչինի միջանցքի եւ Արցախի հետագա կարգավիճակի հարցը դառնում է Ադրբեջան-Ռուսաստան բանակցությունների առարկա: Ադրբեջանն այլեւս ո՛չ տալիք ունի Հայաստանին, ո՛չ ստանալիք: 

Եթե համադրելու լինենք այն, ինչ հրապարակայնորեն ասում է Նիկոլ Փաշինյանը, եւ այն, ինչ ոչ հրապարակային ասում են Արցախի իշխանության ներկայացուցիչները, կարելի է հանգել եզրակացության, որ Ռուսաստանը պատրաստվում է Արցախը դարձնել երկրորդ Մերձդնեստրի հանրապետություն, որը չունի ընդհանուր սահման Ռուսաստանի հետ, որտեղ գրեթե 30 տարի տեղակայված են ռուսական բանակի զինվորներ, Ռուսաստանը հայտարարում է, որ իրականացնում է խաղաղապահ առաքելություն, չնայած Մոլդովայի Հանրապետության չդադարող պահանջներին՝ զորքերը դուրս հանել այդ տարածքից: Ռուսաստանը չի ճանաչում Մերձդնեստրի Հանրապետության անկախությունը եւ ոչ էլ կասկածի տակ է դնում Մոլդովայի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, սակայն իր զորքերը, որոնք նույնպես կոչվում են խաղաղապահներ եւ այնտեղ ի սկզբանե մտել են Մոլդովայի իշխանությունների համաձայնությամբ, դուրս չի բերում, քանի որ դրան դեմ են Մերձդնեստրի իշխանությունները, ովքեր մտահոգված են, որ տարածքի բնակչության անվտանգությունն ապահովվում է ռուսական ռազմական ներկայությամբ, իսկ ռուսական բանակի դուրս գալը կհանգեցնի նոր պատերազմի եւ էթնիկ զտումների:
Արցախի իշխանությունները սա համարում են այս պահին միակ հնարավոր տարբերակը՝ պահպանելու այդ տարածքի հայկական ինքնությունը եւ բնակչության անվտանգությունը: Մեր այն հարցին` իսկ հնարավո՞ր է, որ ինչ-որ պահի Ռուսաստանը գործարքի գնա Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ եւ հրաժարվի Արցախի անվտանգության երաշխավորը լինելուց, ասում են, որ միանգամայն հնարավոր է, բայց այլընտրանք չունեն:

ՀԳ. Ռուս խաղաղապահների կողմից Հայաստանի խորհրդարանի պատգամավորներին Արցախ չթողնելը պետք է եւս դիտարկել այս սցենարի մեջ. Ռուսաստանը համարում է, որ Արցախն այլեւս իր վերահսկողության տակ գտնվող տարածք է, եւ ինքն է իրավասու որոշել՝ ում թույլ տալ մտնել այդ տարածք եւ ում արգելել: Հայաստանի խորհրդարանի պատգամավորի մանդատը՝ որպես այդ արգելքը հաղթահարելու միջոց, չի գործում:

ՀԳ 2. Ռուսաստանը, որպես ուժի ցուցադրություն, որոշել է գրեթե մեկ տարվա դադարից հետո վերսկսել ադրբեջանական վերահսկողության տակ անցած Դադիվանք հայ ուխտավորների ուղեկցումը՝ դրանով ցույց տալով, որ ինքը կարող է Արցախի հայերի անվտանգությունը երաշխավորել ոչ միայն բուն Արցախում, այլ նաեւ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել