Armenpress.am-ը գրում է․

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ ԼՂ կարգավիճակի հարցն ըստ էության 2016-ի դրությամբ դուրս է եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով տեղի ունեցող բանակցությունների տիրույթից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում՝ ի պատասխան ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հարցի, թե ի՞նչ է եղել բանակցային գործընթացում 2016-ին:

«1998 թվականի իրադարձությունների լեյտմոտիվն ի՞նչ էր, որ  Լևոն Տեր-Պետրոսյանը կարծում էր, որ հարցը պետք է լուծվի փուլային տարբերակով, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, նաև Արցախի այն ժամանակվա իշխանություններն ասում էին՝ ոչ, չեն ընդունում դա, և հարցը պետք է ընդունվի փաթեթային տարբերակով: Եվ սա դարձավ լեյտմոտիվը»,-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝  իր սեղանին որպես բանակցային թղթի վերնագիրն է  եղել “О первом этапе и дальнейших шагах Нагорно Карабахского урегулирования” (Ղարաբաղյան կարգավորման առաջին փուլի և հետագա քայլերի մասին): 

«Այսինքն՝ այն մարդը, որն ասել է, որ փուլային լուծումը պարտվողականություն է, 2018-ին բանակցային սեղանի վրա թողել է մի թուղթ, որի վերնագիրը վերը նշվածն էր: Այսինքն՝ փուլային լուծման դեմ իշխանափոխություն անող մարդը եկել, նորից հանգել է փուլային լուծման: Բայց այդ փուլային լուծման մեջ այնքան տրոհումներ կան…: Հարց է՝ Ադրբեջանը համաձա՞յն է դրա հետ, թե չէ: Ասում են՝ իրենք Ղարաբաղի հարցը այսպես , այնպես կլուծեին. լուծեիք: Մոռանում են, չստորագրված թղթերում առկա գաղափարները ներկայացնում են որպես հաղթանակ»,-ասաց վարչապետը:

Անդրադառնալով համանախագահների դերակատարմանը՝ նա ասաց. «Նրանք վերցնում են գաղափարներ, թե տարբեր կողմերն ինչ գաղափարներ ունեն, փորձում են դրանք հղկել և դնել թղթի մեջ: Բոլոր գաղափարներն էլ կարող ենք ունենալ: Բայց Ղարաբաղի հարցի ամբողջությունը 2018 թվականի դրությամբ այնքան է կտրտված եղել, այն փուլային տարբերակ չէր, հիպերփուլային տարբերակ էր: Այսինքն՝ 1998-ի փուլային տարբերակից եկել, հասել ենք 2016-ի հիպերփուլային տարբերակին»,-ասաց վարչապետը:

Անդրադառնալով 2016 թվականի իրադարձությունների կարճ նկարագրությանը՝ նա ասաց.  «Համանախագահները հունվարին ներկայացնում են բանակցային փաթեթ, որ իմաստն այն է, որ ԼՂ-ն միջանկյալ կարգավիճակ չի ունենալու: Հայկական կողմը, բնականաբար, մերժում է: Ներկայացնելուց 2 ամիս հետո տեղի է ունենում Ապրիլյան պատերազմը, որից հետո հուլիսին ներկայացվում է 2-րդ փաթեթը, որտեղ արձանագրվում է, որ էլի Ղարաբաղը միջանկյալ կարգավիճակ չի ունենալու: Օգոստոսին ներկայացվում է երրորդ փաթեթը, որտեղ բանակցային թղթերին ավելանում է նոր կոմպոնենտ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծ»:

 Փաշինյանը հիշեցրեց 2017-ին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցում հնչեցրած միտքը, որ Ղարաբաղի կարգավիճակը որոշելու է միջազգային հանրությունը: «Լևոն Տեր-Պետրոսյանը հենց սա ի նկատի ուներ մեծ հավանականությամբ: Այսինքն՝ ԼՂ կարգավիճակի հարցն, ըստ էության, 2016-ի դրությամբ դուրս է եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով տեղի ունեցող բանակցությունների տիրույթից, հարցը դուրս է եկել, այդ հարցն այլևս միջազգային հանրությունը պետք է լուծի: Բայց միջազգային  հանրությունն էլ պետք է լուծի մի քանի անառարկելի սկզբունքների շրջանակում, որ Ղարաբաղում 88-ի դրությամբ եղել են նաև ադրբեջանցիներ, որոնք հեռացել են: Միջազգային հանրության ընկալմամբ՝ հնարավոր չէ այդ հարցը հասցեագրել՝ առանց ԼՂ-ի ադրբեջանցիների իրավունքների պաշտպանության: Եվ, ըստ էության, բանակցային փաթեթում այդ ամեն ինչը կա»,-ասաց վարչապետը՝ հավելով, որ կա Մադրիդյան սկզբունքներում ևս:

Փաշինյանի խոսքով՝ սակայն չի եղել անգամ տարբերակ, որ նույնիսկ անընդունելի է եղել հայկական կողմի համար, ընդունելի լիներ Ադրբեջանի համար:

Անդրադառնալով  իշխանությանն ուղղված հարցադրմանը, թե ինչպե՞ս եղավ, որ 2019-ին թակարդն ընկան՝ Փաշինյանն ասաց: «Թակարդն ընկնելն էլ ի՞նչն է, որ մի բանակցային փաթեթ է հայտնվում, որով Հայաստանից ակնկալվում է, որ 7 շրջանը հանձնվի Ադրբեջանին: Սերժ Սարգսյանն ասում է՝ ինչպե՞ս եղավ, որ թակարդի մեջ ընկանք. Մենք թակարդի մեջ չենք եղել, այդ թղթում արձանագրվել է այն, ինչի մասին Սերժ Սարգսյանն անոնս է արել այս ամբիոնից: Դա իր վերջին բանակցությունների արդյունքն է եղել, որովհետև 2019 թվականի դրությամբ մենք բանակցություն սկսած էլ չենք եղել: 2019-ի դրությամբ, երբ այդ փաստաթուղթը մեր սեղանին դրվել է, մենք այդ պահին դեռ բովանդակային բանակցությունների մասին չենք խոսել ընդհանրապես»,-ասաց նա:

Անդրադառնալով հարցերին, թե արդյոք կարո՞ղ էին կանխել պատերազմը՝ նա պատասխանեց. «Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում մենք կունենայինք այս նույն վիճակը՝ իհարկե, առանց զոհերի: Նույն վիճակը, բոլոր հարցերով, բոլոր նրբություններով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել