44-օրյա պատերազմի ժամանակ բացթողումներն ամբողջությամբ չեն ուսումնասիրվել։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Ազարյանի հարցին, թե արդյոք անհրաժեշտ մակարդակով են ուսումնասիրվել պատերազմի ժամանակ բացթողումները, որոշ տեղերում սխալները և արդյոք անհրաժեշտ մակարդակով են պատրաստվում հավանական լայնածավալ պատերազմին։

«Իհարկե, չենք ուսումնասիրել ամբողջությամբ»,- ասաց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ երբ 2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը տեղի ունեցավ, իրենց քաղաքական թիմի մոտեցումը հետևյալն էր՝ բանակում իրենց քաղաքական թիմից որևէ մեկին պաշտոնի չնշանակել:

«Նախարարը եղել է նախկին կառավարության անդամ, նախկինում նախարարի առաջին տեղակալ է եղել, հեղափոխության պահին արտակարգ իրավիճակների նախարար (Դավիթ Տոնոյան- խմբ.)։  Մեր քաղաքական թիմից ոչ մեկի չենք նշանակել պաշտպանության նախարարարությունում, բանակում, որովհետև մտածել ենք, որ բանակը, այնուամենայնիվ, մի ուրիշ ընտանիք է ու պետք չէ շատ մտնել այդ ընտանիքի ներքին հարցերը խառնել՝ հասկանալով, որ վտանգ կա, ամեն պահի կարող է էսկալացիա լինել և այս գիտակցմամբ մենք դա չենք արել»,-ասաց վարչապետը:

Նա հայտարարեց, թե 44-օրյա պատերազմից մի քանի օր հետո է իմացել, որ բանակում կա սաղավարտի ու զրահաբաճկոնի խնդիր:

«Բա մենք 100 միլիոնավոր դոլար էինք տալիս, զենք էինք գնում, դժվա՞ր էր սաղավարտ կամ զրահաբաճկոն ձեռք բերել:  Այս ամենը համակարգային խոցեր են, ու ես կարծում եմ, որ մենք պետք է մինչև վերջ գնանք ու պարզենք ինչն ինչոց է»,-նշեց վարչապետը:

Փաշինյանն ասաց, թե այն գործողությունները, որ արվում են հնարավոր լայնամասշտաբ դրսևորումներին դիմակայելու համար, բավարար չի գնահատում:

«Մեր բանակն ամենադժվար փուլում է, որովհետև տրանսֆորմացիայի փուլը միշտ ամենադժվարն է: Այն, ինչ պետք է անենք և այն բարեփոխումները, որ մենք պետք է իրականացնենք, շատ դժվար ճանապարհ է, բայց նաև պետք է հասկանանք, որ այնտեղ ունենք որոշակի օբյեկտիվ սահմանափակումներ և պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այդ սահմանափակումները հաղթահարվեն։ Այս է պատճառը, որ որոշում եմ կայացրել, որ Պաշտպանության նախարար պետք է լինի քաղաքական թիմի ներկայացուցիչ ու հիմա հետահայաց ցավում եմ, որ այդ որոշումը շուտ չեմ կայացրել։ Բայց վստահ էլ չեմ, որ հենց իսկզբանե էր պետք դա անել»,-ասաց վարչապետ Փաշինյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել